Վերապատրաստումների մասին

Հարգելի´ գործընկերներ…

Ուսուցիչների առաջիկա վերապատրաստումները ունեն կարևոր սկզբունքներ, որոնցից առաջինը՝ վերապատրաստող կազմակերպության ընտրությունն է  ուսուցչի կողմից։ Այս իրավունքից ուսուցիչները պետք է օգտվեն։ Ցավո´ք, կան ուսուցիչներ, որ մտածում են ուրիշների նման (ինչպես բոլորը, այնպես էլ՝ ես)։ Նրանք չեն ուզում «մենակ» գնալ վերապատրաստումների։ Ցանկանում  են տվյալ ուսումնական հաստատության ատեստավորման նպատակով վերապատրաստվող ուսուցիչներով այդ ծառայությունը ստանալ միևնույն  կազմակերպությունում։ Այս ընտրությունը իմ կարծիքով՝ ընդունելի  չէ, որքան որ ընդունելի չէ տվյալ ուսումնական հաստատության տնօրենի ուղղորդմամբ վերապատրաստող կազմակերպության ընտրությունը։ 

Այս վերապատրաստումների երկրորդ կարևոր սկզբունքն է՝ սովորելը։ Թվով շատ են այն ուսուցիչները, որ ցանկանում են սովորել։ Այս ամենի վառ օրինակն է ուսուցիչների  մասնակցությունը ԿԶՆԱԿ-ի կողմից կազմակերպված  առցանց սեմինարներին, քննարկումներին և ԿԶՆԱԿ-ի բլոգի օրական 1200 այցելությունները։ Սակայն,եթե ուսուցիչը չի ցանկանում «մենակ» գնալ վերապատրաստման, կամ էլ վերապատրաստող կազմակերպությունը ընտրել է ուղղորդմամբ, այդ դեպքում  նրա նպատակը ոչ թե սովորելն է, այլ  ընդհանուր պահանջին ենթարկվելը։ Մենք ուսուցիչներին ցանկանում ենք տալ այնպիսի նոր գիտելիքներ և հմտություններ, որ կարողանանք միասին բարձրացնել կրթության որակը մեր երկրում։ Այս ամենը  կարևոր  և հրատապ հարցերից մեկն է: 

Վերապատրաստումների երրորդ սկզբունքը վերապատրաստումների արդյունքների գնահատումն է դպրոցների տնօրենների կողմից։ ԿԶՆԱԿ-ի մասնագետները այցելելու են դպրոցներ և  լսելու են վերապատրաստում անցած ուսուցիչների պարապած դասերը՝ փնտրելով այն նորությունները, որոնք  նրանք սովորել են վերապատրաստումների ընթացքում։ Զրուցելու են տնօրենների հետ՝ պարզելու՝ ինչ գիտեն նրանք ընթացող վերապատրաստումների և իրենց ղեկավարած դպրոցի ուսուցիչների ձեռքբերումների մասին։ Խոսելու են աշակերտների հետ, որպեսզի իմանան՝ ինչ է փոխվել նրանց սովորելու գործընթացում և պարզելու են, թե նրանց սովորածը ինչպես է կապված վերապատրաստման հետ։ Ահա այսպես ենք հասկանալու, թե ինչպիսի վերաբերմունք ունի ուսումնական հաստատության տնօրենը ուսուցիչների մասնագիտական զարգացման վերաբերյալ։ Այսպես ենք գնահատելու վերապատրաստող կազմակերպություններն ու դասընթացները։ 

Չորրոդ սկզբունքը՝ ուսուցչի վերաբերմունքն է։ Եթե ուսուցիչը չպահանջի իրեն սովորեցնել, տալ նոր գիտելիքներ և հմտություններ, ցույց տալ հաճախ հանդիպող խնդիրները լուծելու եղանակներ, ապա վերապատրաստումները արդյունք չեն ունենա։ 

Այդ պատճառով առաջարկում եմ՝ 

  • Թույլ տալ ուսուցչին ինքնուրույն ընտրել վերապատրաստող կազմակերպությունը։ Բացատրել ճիշտ ընտրություն կատարելու համար՝ ինչ պայմանների վրա ուսուցիչը ուշադրություն դարձնի։ (Կատարող՝ տնօրեն), 
  • Ընտրված կազմակերպությունից պահանջել սովորեցնել այն, ինչ այսօր պետք է ուսուցչին՝ իր աշխատանքը ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ (Կատարող՝ տնօրեն, ուսուցիչ) 
  • Չբացակայել և ակտիվ մասնակցել վերապատրաստումներին։ (Կատարող՝ տնօրեն, ուսուցիչ) 
  • Ամեն օրվա սովորածը կիրառել դասերի ընթացքում, իրենց սովորածով կիսվել գործընկերների հետ։ (Կատարող՝ տնօրեն, ուսուցիչ) 
  • Կատարել դասալսումներ վերապատրաստվող ուսուցիչների մոտ և ճշտել, թե դասի ընթացքում կատարված աշխատանքի ո՞ր մասն է կիրառում վերապատրաստումներից սովորած մեթոդներից և հնարներից։ (Կատարող՝ տնօրեն, տնօրենի տեղակալ, մեթոդմիավորման նախագահ) 
  • Օգնել ուսուցչին՝ վերապատրաստումների ընթացքում դժվարությունները հաղթահարելու գործում։ (Կատարող՝ տնօրեն, տնօրենի տեղակալ, մեթոդմիավորման նախագահ) 
  • Խրախուսել վերապատրաստումներին ակտիվ մասնակցող, դասի ժամանակ սովորածը կիրառող, սովորողների սովորելու ոճը փոխող (դեպի լավը), դպրոցում մանկավարժական, համագործակցային և մասնակցային մթնոլորտը փոխող ուսուցիչներին։ (Կատարող՝ տնօրեն, տնօրենի տեղակալ, մեթոդմիավորման նախագահ) 
Ա․Թորոսյան


Comments

  1. Շատ արդիական թեմա եք արծարծում, շնորհակալություն: Գրեթե բոլոր կետերի հետ համաձայն եմ, շատ դիպուկ և ճիշտ է ասված, բայց և այնպես, որոշ հավելում- նկատառումներ ուզում եմ անել:
    Նախ այն, որ ուսուցիչն է ընտրում՝ որտեղ վերապատրաստվել, նորություն չէ, պարզապես շատ քչերը գիտեն դրա մասին և առավել քչերն են համարձակվում ինքնուրույն գործել՝ վախենալով արժանանալ տնօրենի անբարեհաճ վերաբերմունքին: Այդ համարձակներից մեկը եղա ես տարիներ առաջ և տնօրենիս կողմից ենթարկվեցի ամենածանր նախատինքների: Ասել կուզեմ՝ այս հարցում պետք է լինել խիստ հետևողական: Իսկ այն, որ ուսուցիչները խմբովին են վերապատրաստվում նույն կազմակերպությունում, նույնպես բխում է առաջին խնդրից. տնօրենն է ուղղորդում բոլորին նույն ուղղությամբ:
    Վերապատրաստումների գնահատման մասին: Այստեղ առաջին գնահատողը պետք է ուսուցիչը լինի, ո՛չ տնօրենը: Վերջինս կարող է լինել 2-րդ գնահատողը, որովհետև ուսուցիչն ինքը ամենից լավ գիտի, թե իրեն ինչ է պետք, ինքն ինչ է ուզում սովորել(իսկ եթե չգիտի, թող ուրեմն՝ չաշխատի):Բայց այստեղ էլ խնդիր ունենք: Արդյո՞ք վերապատրաստող կազմակերպությունները դպրոցներին, ԿԶՆԱԿ-ին ուղարկելու են իրենց կազմած ծրագրի բովանդակությունը, որպեսզի վերապատրաստվողները իրազեկվեն դրա մասին, կարողանան համեմատել այլ կազմակերպությունների կազմած ծրագրերի հետ և որոշում կայացնեն՝ ուր դիմել: Եթե այս գործընթացը նախատեսված չէ, ապա կուժն ու կուլան կոտրվելու է հատկապես առաջին խմբերի վրա, որովհետև դրանից հետո մասամբ արդեն պարզ կդառնա՝ որն ինչպես է աշխատում:
    Առաջարկում եմ վերապատրաստման վերջին օրը ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչը գնահատման սանդղակներով ներկայանա տվյալ կազմակերպություն և անանուն գնահատում անցկացնի ուսուցիչների շրջանում՝ վերապատրաստման մասին. սա շատ կարևոր պահ է՝ հասկանալու համար՝ նպատակայի՞ն է արդյոք եղել դասընթացը:
    Ասում եք՝ տնօրենից, փոխտնօրենից, մեթոդմիավորման նախագահից հարցնենք՝ ինչպես են կիրառում իրենց սովորածը ուսուցիչնե՞րը: Սա էլ խիստ հարաբերական է, որովհետև առանց որևէ մեկին վիրավորելու ասեմ, որ բոլոր տնօրենները, փոխտնօրենները կամ ՄՄ նախագահները չեն, որ իրազեկված կամ խորամուխ են նորարարությունների, 21-րդ դարի կրթական մարտահրավերների ուղղությամբ: Դպրոց գիտեմ, որի ուսմասվարը նախկին ջոկատավար է՝ ԴԱԿ, և նա հաստատապես չի կարողանալու լսած դասը քննարկել, ուսուցչին խորհուրդ տալ կամ օգնել, ինչպես նշված է վերևում:Այնպես որ, վերապատրաստումների արդյունքների գնահատումն առաջին հերթին դրեք ուսուցիչների, նոր երկրորդ՝ տնօրենների ուսերին:
    Աստղիկ Մխիթարյան

    ReplyDelete
    Replies
    1. Հարգելի Մխիթարյան
      Շնորհակալ եմ արձագանքի համար։ Կարևոր հարցեր եք բարձրացնում։ Մենք նախատեսում ենք դպրոցի վարչական կազմմի մեծ թվով վերապատրաստումներ և ուղեցույց նյութերի ստեղծում։ Դրանցից երկուսը արդեն կարող եք տեսնել ԿԶՆԱԿ-ի բլոգում։ Չեմ կիսում Ձեր այն կարծիքը, որ բոլոր տնօրենները և նրանց տեղակալները անգրագետ բռնապետեր են։ Մենք համագործակցում ենք շատերի հետ և նրանք մեծ ներդրում ունեն նյութերի մշակման աշխատանքներում։
      Տեղեկացնում եմ, որ Ձեր բոլոր խորհուրդները վերապատրաստումների կարգով մեզ տրված են որպես հանձնարարկան և մենք դրանք կատարում ենք։

      Delete
    2. Հարգելի պարո՛ն Թորոսյան, խնդրում եմ մեկ անգամ ևս աչքի անցկացնել գրածս, որտեղ հստակ նշված է՝ բոլոր տնօրեն֊փոխտնօրենները ՉԵՆ, որ իրազեկված են... Իսկ Ձեր աշխատանքի համար հայտնում եմ շնորհակալություն։

      Delete
    3. This comment has been removed by the author.

      Delete
  2. Համաձայն եմ Աստղիկ Մխիթարյանի դիտարկումներին. որպես դասավանդման երկարամյա փորձ ունեցող ուսուցիչ՝ հաստատում եմ, որ, այո, բոլոր տնօրեն, փոխտնօրեն և ՄՄ նախագահները չեն, որ իրենց գործունեության առաջնահերթությունը համարում են կրթության բովանդակությանը վերաբերող խորքային խնդիրների վերհանումը, քննարկումը կամ լուծում տալը, և շատ հաճախ մեթոդական պատրաստվածության և կրթական խնդիրներին լուծում տալու պատրաստակամության առումով զիջում են ուսուցչին, ուստի՝ անհասկանալի է՝ ինչպես պետք է գնահատեն նույն ուսուցչի աշխատանքը:

    ReplyDelete

Post a Comment