Ուսուցիչ


 Երբ առաջին օրը մտա դասարան որպես ուսուցիչ, դեռ հինգերորդ կուրսի ուսանող էի։ Գյուղի դպրոց էր։ Ֆիզիկայի կաբինետը շենքի աջ թևում էր։ Առանձին մի հատվածում, որտեղ միջանցքով առանձնացել էր քիմիայի կաբինետի հետ։ Կաբինետը երկու մաս ուներ՝ դասասենյակ և լաբորատորիա։ Դասասենյակը ոչնչով չէր տարբերվում մյուս դասասենյակներից։ Բայց երբ նայում էիր պատուհանից դուրս, տեսնում էիր Արարատը, որ բացվում էր փոքրիկ ձորակի վերջում։ Այդպիսի ևս երկու հրաշք կար այդ դպրոցում։ Առաջինը ֆիզիկայի լաբորատորիան էր, որ հագեցած էր տարիներ շարունակ դպրոցի ստացած սարքավորումներով։ Բոլոր սարքերը տուփերի մեջ, ապահով ինձ էին սպասում։ Մյուս հրաշքը և երևի ամենից մեծ հրաշքը երեխաներն էին։ Պարզ, ազնիվ, սովորող և չսովորող, ակտիվ և հանդարտ, բարի և անհանդուրժող, յուրային և անծանոթ, ներողամիտ և խիստ երեխաները։ Անհրաժեշտ էր սովորել ապրել նրանց աշխարհում։ ԵՎ ես սովորեցի։ Անցան տարիներ։ Սկսվեցին դժվար ժամանակները։ Երկրաշարժ, հետո շրջափակում։ Չկար բենզին։ Դժվար էր հասնել դպրոց։ Բայց տրանսպորտ կար։ Սպասում էի, քառասունհինգ րոպե գնում։ Ֆիզիկայի կաբինետը կահավորեցի, պլակատներ էի պատրաստում, ապակու վրա գրում էի բանաձևերը և ամրացնում պատերին, որ սովորողները տեսնեն, հիշեն։ Աշակերտները ինձ օգնում էին, սովորում էին։ Սիրում էին ֆիզիկան։ Ասում էին, որ գունավոր եմ պատմում։ Ծիծաղում էինք։ Բայց ուրախ էի։ Ստացվում էր։ Մի օր կանչեցին ժողկրթբաժին և առաջարկեցին գնալ ուրիշ գյուղ, որովհետև այդ գյուղում նոր աշխատող են ուզում ուղարկել։ Մտծում էին, որ ես ժամանակավոր մարդ եմ ու միևնույն է վերադառնալու եմ Երևան։ Իսկ ես սիրում էի իմ աշակերտներին, իմ աշխատանքը։ Նեղացա ու հրաժարվեցի։ Մի անգամ էլ այդպիսի դեպք եղավ, որ ուզում էր ինձ դպրոցից տեղափոխել։ Ես հոգնել էի։ Ցուրտ, շոգ, անձրև, քամի, բայց անհրաժետ էր գնալ աշխատանքի։ Ու որոշեցի, որ կվերադառնամ Երևան ու կգնամ ժողկրթբաժին։ Պատկերացնում էի, թե ինչպես կչարախանդան։ Բայց գնալու էի։ Կանգառում ինձ մոտեցավ բանակից գյուղ վերադարձող իմ աշակերտը։ Ուրախացա, հասկացա, որ իմ աշխատանքը պետք է մարդկանց, նրանք գնահատում են իրենց ուսուցի աշխատանքը։ Գուցե ուշ են հասկանում, գուցե չեն արտահայտում իրենց զգացմունքները, հիշում են սովորելու դժվար օրերը և շփոթվում են իրենց զգացմունքների մեջ, բայց գնահատում են։ Չգնացի ժողկրթբաժին։

Անցել են տարիներ։ Երրորդ անգամ իմ կյանքի ճանապարհը հեռացավ իմ առաջին դպրոցից։ Բայց տարավ մեկ ուրիշ դպրոց ու այդ ճանապարհով գնացի 1987 թվականից մինչև 2020 թվականը։

Իմ հարգելի գործընկերներ

Գուցե պետք է սկսեի շնորհավորանքից։ Բայց հիշեցի ինչպես եմ սկսել ու մտածեցի գուցե դուք էլ վերհիշեք ինչպես մտաք դպրոց, ինչպես դարձաք ուսուցիչ, երբ հպարտություն զգացիք, որ ուսուցիչ եք։ Որովհետև մեր աշխատանքը շատ պատասխանատու աշխատանք է։ Մենք մարդու ճակատագրի վրա մեծ ազդեցություն ունենք։ Մենք կարող ենք կերտել ապագա։ Երանի նրանց, որ այդ ապագան կերտում են լավ, շատ լավ։ Որովհետև մենք ապրելու ենք այդ ապագայում։

Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ։ 

Comments

  1. Այո, դպրոցում ուսուցչին պահոցը աշակերտներն են։

    ReplyDelete

Post a Comment