Երևանի ևս 5 դպրոցներ միացան «ԿԶՆԱԿ» հիմնադրամի՝ «Ընթերցանությունը տարրական դպրոցում» փորձարարական ծրագրին
Դեկտեմբերի 15-ին Երևանի՝ Մ․ Մեծարենցի անվան (հ․ 146) հիմնական դպրոցում տեղի ունեցավ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի՝ «Ընթերցանությունը տարրական դպրոցում» փորձարարական ծրագրին մասնակից դպրոցների «Երևան-3» խմբի մասնագիտական թիմերի վերապատրաստումը։ Մասնակից դպրոցների (h. 20, հ․ 40, հ․ 77, հ․ 121 7 հ․ 146) թիմերում ներգրավված էին տնօրենները, ուսումնական աշխատանքի և ՄԿԱ գծով տնօրենի տեղակալները, տարրական կրթության մեթոդմիավորման նախագահները, ԴԱԿ-երը, գրադարանավարները և 2-րդ դասարանների դասվարները։
Վերապատրաստումներն իրականացնում են «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները՝ աշխատանքային խմբի ղեկավար, բ․գ․թ․ Նաիրա Ղումաշյանը, մ․գ․թ․ Աստղիկ Բալայանը և Վարսենիկ Հովսեփյանը։ Մասնակից դպրոցները ներկայացրին իրենց փորձառությունը ընթերցանության խրախուսման կազմակերպման ոլորտում և ծանոթացան փորձարարական ծրագրով նախատեսված աշխատանքների բովանդակությանը, ձևերին ու իրականացման մեթոդիկային։ Քննարկումներն անցան բուռն և արդյունավետ համագործակցային մթնոլորտում։ Վերապատրաստումից հետո «ԿԶՆԱԿ»-ի աշխատանքային խումբը տնօրեն Մարիետա Դավթյանի ուղեկցությամբ շրջեց հիմնանորոգված դպրոցում, ծանոթացավ կատարվող աշխատանքներին ու առաջիկա անելիքներին։
Comments
Post a Comment