Երևանի՝ Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը կիրառել է և շարունակում է կիրառել մի շարք նորագույն մեթոդներ, հնարներ՝ դյուրին և ցանկալի դարձնելու ճանապարհը դեպի ուսուցանող, կախարդական, գունեղ, սիրառատ, ջերմ ու լուսավոր գրքերի աշխարհ:
Մեր դպրոցը մասնակցում է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կողմից կազմակերպված «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրին: Եվ այդ ծրագրի շրջանակներում հունվարի 26-ին դպրոցի դահլիճում կազմակերպվեց տարրական դպրոցի հանդիպումը հեքիաթասացի հետ: Կիրառվեց դեպի գիրքը տանող ճանապարհը հարթող գործիքակազմ: Հեքիաթասացի ուղղորդող հարցադրումների շնորհիվ վեր հանվեց հեքիաթի գաղափարը: Աշակերտները վստահ և համարձակ նշում էին հեքիաթների վերնագրերը, ինչպես նաև՝ հեքիաթագիրներին: Մեջբերեցին հեքիաթի սկիզբն ու վերջը ազդարարող նախադասությունները: Աշակերտները վստահեցրին, որ հեքիաթներում միշտ հաղթում է բարին, և այն հիմնավորեցին օրինակներով: Պատմեցին Ղազարոս Աղայանի «Անահիտը» հեքիաթի Վաչագանի մասին, որը մութ զնդանից ազատվել էր արհեստի շնորհիվ: Արտասանեցին հատված Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթից:
Հանդիպման ժամանակ վեր հանվեցին հեքիաթի և մուլտֆիլմի, հատկապես հայկական արտադրության մուլտֆիլմի միջև անտեսանելի կապը:
Կապն ամրապնդելու նպատակով աշակերտները ուշադրությամբ դիտեցին Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթների հիման վրա նկարահանված «Ձախորդ փանոսը», «Սուտասանը» մուլտֆիլմերը: Դիտումից հետո ամփոփվեց լսածն ու տեսածը: Աշակերտները ճիշտ մեկնաբանեցին ուսուցանվող գաղափարը:
Հեքիաթասացը հրաժեշտ տվեց աշակերտներին՝ կրկին հանդիպելու ակնկալիքով: Աշակերտները միաբերան խոստացան հաջորդ հանդիպմանը ներկայանալ նոր հեքիաթներով զինված:
Հաջորդ հանդիպումը չի ուշանա, քանզի աշակերտների աչքերում կայծկլտացին հետաքրքրության և սպասումի կայծեր:
Դպրոցի տնօրեն Ն.Սիմոնյան
Comments
Post a Comment