ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամը
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համատեղ 2022 թ. մայիսի 6-ին կազմակերպում
է «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողով, որին կարող
են մասնակցել ՀՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները։
Աշխատաժողովի նպատակն է դպրոցում խթանել հետազոտական աշխատանքների իրականացումը,
նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բուհ-դպրոց համագործակցության ընդլայմանը։
Աշխատաժողովը մասնակից աշակերտներին հնարավորություն է ընձեռում լայն լսարանին ներկայացնելու իրենց կատարած հետազոտական աշխատանքները, կատարելագործելու հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները, զարգացնելու հաղորդակցական հմտությունները, ստեղծագործական միտքը, ինչպես նաև կապեր հաստատելու այլ դպրոցների աշակերտների հետ։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովի մասնակից աշակերտները նստաշրջանին պետք է ներկայացնեն իրենց կատարած հետազոտական աշխատանքները, դրանց արդյունքները: Զեկուցումների առավելագույն տևողությունը 10 րոպե է:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովին մասնակցելու
համար անհրաժեշտ է մինչև 2022 թ. ապրիլի 3-ը հետազոտական աշխատանքը (թեզիս,
տեսանյութ, սահիկաշար, հոդված, պաստառ, էսսե) ուղարկել krtakannorararutyunner@gmail.com
էլ. փոստի հասցեին՝ նշելով անուն-ազգանուն, դպրոց, հեռախոսահամար։
Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական արդյունքի
պարագայում կհաստատվի աշակերտի մասնակցությունը «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը»
խորագրով աշակերտական նստաշրջանին: Դիտարկման արդյունքների վերաբերյալ աշակերտները
կծանուցվեն մինչև 2022 թ. ապրիլի 20-ը:
ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական գիտաժողովին ներկայացվող
զեկուցումները կարող են ներկայացվել հետևյալ բնագավառներից.
1) Հայոց
լեզու և գրականություն.
2) Հայրենագիտություն.
3) Օտար
լեզուներ.
4) ԲՏՃՄ.
5) Արվեստ
և արհեստ.
6) Հասարակություն,
հասարակական գիտություններ.
7) Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:
ԱՄՓՈՓՈՒՄ
Գիտաժողովին մասնակից բոլոր աշակերտներին տրվելու են մասնակցության հավաստագրեր: Նստաշրջանին ներկայացված լավագույն նյութերը կտպագրվեն, իսկ աշակերտները հնարավորություն կունենան շրջայց կատարելու ԵՊՀ-ում։
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
Ծավալը՝ 3-5 էջ:
Էջի ֆորմատը՝ A4 (8.27X11.69 մմ), լուսանցքները:
Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Sylfaen, ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman:
Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 11 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքևում՝ տողի աջ կողմում, 10 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի անուն-ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքևում՝ տողի աջ կողմում, 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) գրվում է դպրոցի անունը: Մեկ տող ներքևում՝ տողի աջ կողմում, 9 pt տառաչափով գրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Մեկ տող ներքևում՝ տողի աջ կողմում, 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի գիտական աստիճանը, կոչումը, անուն-ազգանունը: Մեկ տող բաց թողնելով՝ անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը՝ 10 pt, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify):
Պարբերությունները անհրաժեշտ է սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:
Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում՝ 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով՝ Bold), այնուհետև՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են: Հոդվածի հիմնական տեքստից մեկ տող հետո՝ տողի մեջտեղում, 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող հետո 10 pt տառաչափով տրվում է հեղինակ(ներ)ի անուն-ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքևում գրվում է «բանալի բառեր», և նշվում է 4-6 բանալի բառ: Մեկ տող ներքևում 60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է զեկուցման ամփոփագիրը (հիմնական էությունը, նպատակը, խնդիրները, արդյունքները):
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093366061 հեռախոսահամարով:
Սիրով կսպասենք Ձեզ…
«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» աշխատաժողովի աշխատանքային
թիմ.
Հովհաննես Հովհաննիսյան
Արտաշես Թորոսյան
Լիլիթ Մկրտչյան
Վալտեր Բերբերյան
Նարինե Մնացականյան
Իզաբելա Աբրահամյան
Մերի Փանոսյան
Բարև ձեզ, իսկ երբ պատասխանը կուղարկեն անցե՞լ ենք թե ոչ
ReplyDelete