ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի՝ «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի վերապատրաստող մասնագետները՝ բ․գ․թ․ Նաիրա Ղումաշյանը և մ․գ․թ․ Աստղիկ Բալայանը, Կոտայքի մարզի Արամուսի միջն․ դպրոցում հերթական դասընթացն անցկացրին «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի շրջանակներում։ Վերապատրաստմանը մասնակցում էին Արամուսի, Զովքի, Բալահովտի, Գեղաշենի և Կամարիսի միջնակարգ դպրոցների մասնագիտական թիմերը, որոնց մեջ էին տնօրենները, տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալները, տնօրենի՝ ՄԿԱ գծով տեղակալները, ԴԱԿ-երը, տարրական կրթության մեթոդմիավորման նախագահները, գրադարանավարները և 2-րդ դասարաններում պարապող դասվարները։
Դասընթացավարները շեշտեցին ծրագրի իրագործման կարևորությունը և անհրաժեշտությունը՝ նշելով, որ մեր հանրակրթության համար լուրջ հիմնախնդիր է դարձել սովորողների ընթերցողական որակների և ընթերցանության տեխնիկայի որակի անկումը, որից ածանցվում են մի շարք խնդիրներ՝ բոլոր ուսումնական առարկաները սովորելու դժվարություն, ուսումնառական մոտիվացիայի անկում և անարդյունավետ կրթական գործընթաց։ Նրանք ներկայացրին ծրագրի նպատակներն ու ակնկալվող վերջնարդյունքները, որոնք անմիջականորեն բխում էին մայրենիի առարկայական նոր չափորոշչից։
Մասնակիցները խմբային հետազոտությամբ ծանոթացան ծրագրի տարեկան օրացուցային պլանով նախատեսված իրենց գործառույթներին և թիմային համագործակցության սկզբունքներին, կազմակերպվելիք աշխատանքների բովանդակությանն ու ձևերին, ստացան մեթոդական աջակցություն։
Այս պահին «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրին միացել են Երևանի և ՀՀ տարբեր մարզերի 70 դպրոցներ։
Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան («ԿԶՆԱԿ»)
Comments
Post a Comment