ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամը մեկնարկել է «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի մեջ ներգրավված դպրոցների մշտադիտարկման գործընթացը և աշխատանքների արդյունավետության գնահատումը։
16․03․2022 թ․ ծրագրի մշտադիտարկման խումբը գործուղվել էր Արարատի մարզի Արգավանդի, Հովտաշատի, Մխչյանի, Ղուկասավանի, Գետազատի միջնակարգ դպրոցներ, ուր մեր մասնագետները ստուգեցին պատահականության սկզբունքով ընտրված 10-ական 2-րդ դասարանցի սովորողների ընթերցանության տեխնիկան, ծանոթացան ծրագրի իրականացման ընթացքին, դպրոցների արձանագրած հաջողություններին և հանդիպած դժվարություններին։
Տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և ծնողների հետ զրույցների ընթացքում փաստեցինք, որ ծրագրի իրականացումը բավական արդյունավետ է, և դպրոցները արձանագրել են սովորողների ընթերցողական որակների ու ընթերցանության նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճ։ Ծրագրով նախատեսված աշխատանքները դպրոցների մասնագիտական թիմերը կատարում են մոտիվացված, սիրով, ամենայն պատասխանատվությամբ և արածի կարևորության գիտակցումով։
Մեր նպատակն է ընթերցանության աշխատանքների տարբեր կարգավիճակներ ունեցող դպրոցների արդյունքների համեմատությամբ ևս չափելի դարձնել ծրագրի արդյունավետությունը, գնահատել գործընթացը։
«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրին մասնակցելու դիմումների հոսքը շարունակվում է, ծրագիրը շարունակում է անընդհատ ընդլայնել իր ընդգրկման աշխարհագրությունը։
Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան («ԿԶՆԱԿ»)
Comments
Post a Comment