Ամփոփվեցին Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման առաջին փուլի արդյունքները

 

2022 թ. հունիսի 24-ին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցավ առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման առաջին փուլի ամփոփման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության անդամ Ֆրենկ Հեսսը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, որոնք հանդես եկան շնորհավորանքի խոսքերով։

Իր շնորհակալական խոսքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կրկին ընդգծեց փորձարկման հաջողությունն ապահովող բոլոր կողմերի՝ պետական պատասխանատու կառույցների, դպրոցների տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների ջանքը, նրանց պատրաստակամությունն ու նվիրումը, որոնց առկայությամբ էր միայն հնարավոր հասնել այս հանգրվանին: 

Փորձարկման տարեկան հաշվետվությամբ հանդես եկան Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանն ու տեղակալ Ինգա Վարդանյանը:

Երկու հիմնական պատասխանատու կառույցներն էլ՝  Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնն ու «Այբ» կրթական հիմնադրամը, հետաքրքիր տեսահոլովակներով և առանձին ելույթներով ներկայացրին իրենց ահռելի աշխատանքը: Եվ այդ աշխատանքը գնահատվեց ու ԿԳՄՍ նախարարի հրամանով ԿԶՆԱԿ և «Այբ» հիմնադրամների մասնագետներն ու առավել ակտիվություն դրսևորած ուսուցիչները արժանացան նախարարի շնորհակալագրին: 

Միջոցառմանը գույն հաղորդեցին նաև հրավիրված երաժիշտներն ու երգչախումբը: 

Օրն ավարտվեց, բայց աշխատանքը շարունակվում է, և շուտով կմեկնարկի փորձարկման երկրորդ փուլը: Բարի մեկնարկ 2022-23 ուստարվան:  







Comments