Հանդիպում «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի մասնագետների հետ

 Հուլիսի 12-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում հիմնադրամի  տնօրեն ժ/պ  Արտաշես Թորոսյանի  և «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ  հիմնադիր անդամ Ռենե Բեոնքի, տնօրեն Լիլիթ Գյունաշյանի և փոխտնօրեն Եստեր Գրիգորյանի հետ։ 

Գյումրիում գործող «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ն կրթական գործունեություն իրականացնող կառույց է, որը սերտորեն համագործակցում է Նիդերլանդների համանուն հիմնադրամի հետ։

Հանդիպման ընթացքում նշեցին, որ Գյումրի քաղաքի 2 ուսումնական հաստատություններում կիրականացվի վերը նշված  պիլոտային ծրագիրը։

Նիդերլանդների «Ալվան ծաղիկ» հիմնադրամի նախագահը, միևնույն ժամանակ  «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր անդամ Ռենե Բեոնքը 35 տարվա մանկավարժ է,  վերջինս 7 տարի է, ինչ աշխատում է նաև որպես Տեխնազիում ծրագրի արտոնագրված քոուչ-ուսուցիչ։ 1988 թվականից ի վեր Ռենե Բեոնքը Շիրակի մարզում իրականացնում է մարդասիրական բազմաբնույթ գործունեություն՝ ներգրավելով նաև Նիդերլանդների գործընկերներին ։

Տեխնազիումը Նիդերլանդներում գործող նախագծահեն կրթության մոդել է, որը միտված է սովորողների մոտ թիմային աշխատանքի, հետազոտական կարողությունների զարգացմանը։

Տեխնազիում ծրագիրն իրականացնելով՝  նպաստում ենք ավելի բարվոք միջավայրի ստեղծմանը՝ կրթելով մեր աշակերտներին՝ որպես իրական արժեքներով առաջնորդվող, իրազեկ և ինքնավստահ քաղաքացիների։

Տեխնազիումային կրթության սկզբնական նպատակն է միջնակարգ դպրոցի աշակերտների համար գիտության և տեխնիկայի ոլորտներն ավելի գրավիչ և հետաքրքիր դարձնելը: Նման  կրթությունը սովորողներին ակտիվացնելու դիդակտիկ միջոց է, որը  կստեղծի անհրաժեշտ ոգեշնչող և գրավիչ ուսումնական մի միջավայր, որի նպատակը սովորողներին խրախուսելն է և նրանց՝  գիտատեխնիկական ուղղվածությամբ  կրթություն ստանալուն նախապատրաստելը։ Այն կօգնի սովորողներին ավելի  հիմնավորված որոշումներ կայացնել հետագա մասնագիտական ընտրության հարցում։







Comments