Ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջև

 

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը  ս/թ մարտի 27-ին կնքեցին համագործակցության հուշագիր՝ ՀՀ հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին ու ծրագրերին աջակցելու, կրթության և գիտության բնագավառում համատեղ արդյունավետ համագործակցություն հաստատելու նպատակով: 

   Հանդիպմանը ներկա էին  նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների ու հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրինության անդամներ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը, դեկան Ատոմ Մխիթարյանը, որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանն ու հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանը։ 



    Հանդիպման ժամանակ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանն ընդգծեց, որ երկու կառույցների կրթության ոլորտի առաջատար մասնագետների ու փորձագետների ներգրավմամբ համագործակցությունը կնպաստի հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում արդի կրթական, մանկավարժական մեթոդական գործիքակազմի մշակմանն ու ներդրմանը: 
    ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը կարևորելով համագործակցության մեկնարկը հավելեց, որ նախատեսվում է իրականացնել համատեղ գիտական, կրթական նախագծեր և հետազոտություններ, փորձագիտական խորհրդատվություն ուսանողների, հետազոտողների և երիտասարդ փորձագետների համար, ինչպես նաև կազմակերպել գիտաարտադրական պրակտիկա կրթության կառավարման մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների համար: 

                   


    Համատեղ համագործակցության մեկնարկի քննարկման արդյունքում որոշեցին համատեղ մշակել հանրակրթական դպրոցի կառավարման ուսումնական մոդուլ և իրականացնել վերապատրաստման դասընթացներ հանրակրթական դպրոցի տնօրենների համար:











Comments