Դեկտեմբերի
7-ին Հայկական պետական
մանկավարժական համալսարանում մեկնարկեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած
«Ես կարևոր եմ» աշխատաժողովը։
Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ
նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր
պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցչի
տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ
Մնացականյանը, նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրեններ, ոլորտի
ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի նպատակն էր ոլորտի պատասխանատուներին հաղորդակից
դարձնել տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիներին և դրանց լուծումներին
ուղղված քայլերին, ինչպես նաև ժամանակակից մանկավարժական մոտեցումներին:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել
է, որ աշխատաժողովը միջանկյալ հնարավորություն է՝ ամփոփելու նախադպրոցական
կրթության ոլորտում իրականացված աշխատանքները, նախանշելու խնդիրներն ու լուծման
ճանապարհները:
«Կրթական բոլոր մակարդակները ներկայում բուռն բարեփոխումների փուլում
են: Դրանք վերաբերում են թե՛ կրթական միջավայրի բարելավմանը, թե՛ ժամանակակից
պահանջներին համապատասխան գույքային հագեցվածությամբ ապահովմանը, թե՛
բովանդակության փոփոխությանը, թե՛ մասնագետների կարողությունների զարգացմանը: Եվ
բազմաթիվ աշխատանքներ ուղղված են նաև նախադպրոցական կրթության զարգացմանը»,-ասել է
Արաքսիա Սվաջյանը:
Ընդգծելով կրթական միջավայրի՝ երեխայի կրթության զարգացման վրա
գործուն ազդեցությունը, փոխնախարարն անդրադարձել է Կառավարության 500 մանկապարտեզի
կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրին, որն ընթանում է բուռն թափով և
նախատեսված է ավարտին հասցնել 2026 թվականին:
ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև ռիսկային խմբերում գտնվող
երեխաներին տրվող պետական աջակցությանը. «Այս տարվանից զինծառայողների և կրթության
առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն ամբողջությամբ ստանալու են
նախադպրոցական անվճար կրթություն: Իսկ հաջորդ տարվանից ծրագիրը կգործի նաև
սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար»:
Անդրադառնալով նախադպրոցական կրթության համակարգում պետական նոր չափորոշչի
ներդրմանը՝ փոխնախարարը նշել է, որ 60 նախադպրոցական հաստատություններում այն
արդեն ներդրվել և փորձարկվել է: Այս տարի փորձարկման գործընթացում ընդգրկվել են ևս
130 մանկապարտեզներ: Մանկավարժների մասնագիտական զարգացման վերաբերյալ Արաքսիա
Սվաջյանը նշել է, որ սահմանվել է պարտադիր վերապատրաստում յուրաքանչյուր հինգ
տարին մեկ անգամ:
Դիմելով ոլորտի ներկայացուցիչներին և մաղթելով արդյունավետ
աշխատաժողով՝ Արաքսիա Սվաջյանն ասել է. «Խնդիրները շատ են դաշտում, բայց
դրանք լուծելի են միայն ձեր աջակցությամբ: Նաև ձեր օգնությամբ
պետության նախաձեռնած ծրագրերը կդառնան իրականություն: Ձեր բոլոր ջանքերը, որ
ներդնում եք չափորոշիչն ավելի արդյունավետ գործարկելու նպատակով, հսկայական
փոփոխություն են բերելու ոլորտում»:
«ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը նշել է, որ
հիմնադրամը՝ որպես մանկավարժների հետ անմիջական աշխատող կառույց, հստակ տեսնում և
պատկերացնում է այն պոտենցիալն ու հնարավորությունները, որոնք ինտենսիվ աշխատանքով
նպաստելու են ոլորտի զարգացմանը:
«Հանրակրթությունը սկսվում է նախադպրոցական կրթությունից: Մեր
աշխատելու սկզբունքը հետևյալն է՝ դուք չպետք է աշխատեք միայն ձեզ համար, այլև ձեր
փորձը համակարգում տարածեք ուրիշներին օգնելու նպատակով: Միայն այս ճանապարհով են
խնդիրներն ակնհայտ դառնում, և նախանշվում լուծման ուղիները»,- ասել է Արտաշես
Թորոսյանը:
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ևս ընդգծել է, որ նախադպրոցական
ոլորտով է պայմանավորված վաղվա քաղաքացու արժեհամակարգի կերտումը, և այդ ոլորտում
յուրաքանչյուր ներդրում վաղվա օրվա դրական զարգացման ապահովման գործընթացն է:
Ռեկտորն ընդգծել է՝ մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և
մեթոդիկաների ամբիոնի կողմից շեշտվում են կարևոր հարցեր, որոնց լուծումներն
այսօրվա հրամայականներն են:
Ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցչի տեղակալ
Սիլվիա Մեստրոնին՝ որպես միջազգային գործընկեր: Նա ներկայացրել է Յունիսեֆի միջազգային
հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց՝ նախադպրոցական տարիքում
կրթությունը չափազանց կարևոր է երեխաների համար:
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանն էլ անդրադարձել է համընդհանուր
ներառական կրթության ներդրմանը նախադպրոցական կրթության ոլորտում՝ կարևորելով
համագործակցային աշխատանքով երեխաների հայտնաբերումը, ներառումն ու ճիշտ
գնահատումը:
Նշենք, որ աշխատաժողովը շարունակվելու է նաև դեկտեմբերի 8-ին:
Քննարկվելու են նախադպրոցական կրթության չափորոշչային պահանջները, նախադպրոցական կրթության
կառավարման տեղեկատվական համակարգը, ուսումնական հաստատությունների ֆինանսավորման
մեխանիզմները, այլընտրանքային նախադպրոցական ծառայությունները և այլն:
Comments
Post a Comment