Ուսուցչական համաժողով

  

Ապրիլի 26-ին Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլը:

Համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը և հիմնադրամի մի խումբ մասնագետներ  այցելել են Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներ, տեղում մասնակցել համաժողովին:

Համաժողովին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերից 700 ուսուցիչներ, որոնք ներկայացրել են 611 զեկուցումներ՝ սահմանված 4 թեմատիկ ուղղություններով։

Համաժողովի ուղղություններն են՝

  • ազգային դպրոցը կրթության և մշակույթի օջախ,
  • կրթության դերը պետության զարգացման գործում,
  • կարողունակահեն կրթությունը՝ քաղաքացիական հասարակության զարգացման խթան,
  • կրթությունը թվային հասարակության մեջ. պետության մարտահրավերները, խնդիրները, հեռանկարները։

Արտաշես Թորոսյանը այցելել է Լոռու մարզի Ալավերդու հ5 և Սպիտակի ավագ դպրոցներ, ողջունել համաժողովի մասնակիցներին: Խոսելով համաժողովի նպատակների մասին՝ կարևորել է Երևանի և ՀՀ տարբեր մարզերի դպրոցների ուսուցիչների աշխատանքի տեսանելիության բարձրացումը և լավագույն փորձի փոխանակումը:

Ուսուցչական համաժողովի երկրորդ՝ հանրապետական փուլը կանցկացվի մայիսի վերջին՝ Հանրապետության օրվա շրջանակում՝ հաշվի առնելով այն գաղափարը, որ կրթությունը պետության զարգացման կարևորագույն հիմքերից է:



























Comments