Նոր չափորոշչի ներդրում


Նոր չափորոշչի ներդրման շրջանակներում մայիսի 15-ին այց կատարեցինք Արագածոտնի մարզի Նոր Երզնկայի միջնակարգ դպրոց։ Մեզ հետ էին «Զանգակ» հրատարակչության տնօրեն Ս․ Մկրտչյանը, աշխատակիցներ, Արագածոտնի մարզի կրթության վարչության պետը, Հայոց լեզվի դասագրքի հեղինակներ Հ․ Զաքարյանը, Լ․ Գրիգորյանը։ 

Ներկա գտնվեցինք 7-րդ դասարանի հայոց լեզվի ամփոփիչ դասին, որը ներառում էր իր մեջ նոր չափորոշչի բոլոր բաղադրիչները։ Երեխաները հրաշալի պատկերացնում էին խաչվող հասկացությունները, տեքստային աշխատանքներում գտնում էին ժամանակն ու տարածությունը, պատճառահետևանքային կապերը։ Ամբողջ դասը ողողված էր արժեհամակարգային շեշտադրումներով, երեխաները իրենց տեսակետն էին հայտնում այս կամ այն հարցի շուրջ։  

Շնորհաշատ ուսուցիչ Ռուզաննա Ստեփանյանը կարողացել էր մեթոդական բազմապիսի հնարներով և իր մարդկային տեսակով երեխաների մեջ սեր առաջացնել հայերենի հանդեպ, խրախուսում էր ամենափոքրիկ մասնակցությունն անգամ։ Իսկ ինքնագնահատման կիրառած գործիքը աշխուժություն առաջացրեց, և պարզ դարձավ, որ երեխաները սովոր էին նման գնահատման։ Համոզվելու համար բազմաբնույթ հարցեր ուղղեցինք երեխաներին և համոզվեցինք, որ անցածը յուրացված է նրանց կողմից։ Տնօրեն Մեսրոպյանը ստեղծել էր այնպիսի միջավայր, որտեղ բոլորը զբաղված էին ստեղծագործելով։ 

2-րդ դասարանում մաթեմատիկայի դասը վարեց դասագրքի հեղինակ Ս․ Մկրտչյանը, որը ևս մեծ տպավորությամբ դուրս եկավ դասարանից։ 

Այնուհետև ներկա եղանք Հ․ Սահյանին նվիրված գրական միջոցառմանը, որ դարձյալ կազմակերպել էր ուսուցիչ Ռ․ Ստեփանյանը 6-րդ դասարանցիների հետ։ Հնչեց հրաշալի ասմունք, երգի փայլուն կատարում, ոգեշնչված նվագածություն։ Միջոցառումից հետո դարձյալ հարցեր ուղղեցինք անցած թեմաներից և ստացանք նույն պատկերը, հրաշալի յուրացվել էին բոլոր թեմաները, անգամ լրացուցիչ տեղեկություններ լսեցինք տարբեր գրողների մասին։  

Դպրոցի տնօրենն ու ուսուցիչները ցույց տվեցին նախագծային աշխատանքների արդյունքում ստեղծված գրքույկները, պատմեցինք այն ոգևորության մասին, որով երեխաները մասնակցում են տարբեր նախագծերի։ Մուտքից սկսած՝ դպրոցն ուներ ձեռագիր, ողողված էր հայրենիքի հանդեպ մեծագույն սիրով։ 

Վերադարձանք մեծ տպավորությամբ և համոզումով, որ նոր չափորոշիչը նոր շունչ է հաղորդել դպրոցների առօրյային և դասերին։ 












 

Comments