2024-2025 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունները մեկնարկեցին Տավուշի մարզից

 Սկսվեցին 2024-25 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունները։ Մեկնարկը տրվեց Տավուշի մարզից։ Իջևանի հ․5 դպրոցի տարբեր լսարաններում ԿԶՆԱԿ հիմնադրամի մի խումբ մասնագետներ տնօրենի տեղակալների և մեթոդմիավորման նախագահների համար պատրաստել էին նոր ուստարվա անելիքների փաթեթ, որը ներկայացվեց լսարանին, որից հետո պատասխանեցին դպրոցների ներկայացուցիչների բազմապիսի հարցերին։ Տնօրենի տեղակալների առջև բացման խոսքով հանդես եկավ ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, որը շնորհավորեց բոլորին, ներկայացրեց ուսպլանի ձևավորման կարևոր դրույթները, ներքին վերահսկողության մեխանիզմների ներդրման շեշտադրումները։  

Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը խոսեց ՀՊՉ-ի եռամյա ներդրման ձեռքբերումների և դժվարությունների մասին, ուղենշեց դպրոցների անելիքները։ Գնահատման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը ներկայացրեց գնահատման մեթոդաբանությունը, խոսեց գնահատման տեսակների և նրանց կիրառման պարբերականության, հնարների և թյուրըմբռնումների մասին, պատասխանեց տնօրենի տեղակալների բարձրացրած հարցերին։

Խորհրդակցություններին ակտիվորեն մասնակցում էին  նաև ՆՈՒՀ-երի մեթոդիստները, որոնց առջև հանդես եկավ ՀՊՉ-ի և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետ Անահիտ Վիրաբյանը։ Նա խոսեց ՆՈՒՀ-երում չափորոշչի և ծրագրերի ներդրման, մենթորական վերապատրաստումների, ՆՈՒՀ-երում ներդրվող գնահատման համակարգի մասին։

ԿԶՆԱԿ-ը բոլոր ներկաների համար պատրաստել էր քյուարկոդերով աշխատող էջանշաններ, որտեղ զետեղված էին հանրակրթական դպրոցներին և ՆՈՒՀ-երի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ուսումնական նյութերը, ուղերձները և տեսաձայնագրություններ։ 

Այցելությունները ընթացքի մեջ են, և հանդիպում-քննարկումներ են լինելու ՀՀ բոլոր մարզերում։











Comments