Նոր ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսի 22-ին Գեղարքունիքի մարզի Գավառի հ․2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 2024-25 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի շուրջ 124 ուսումնական հաստատությունների տնօրենի տեղակալներ և մեթոդմիավորման նախագահներ։
Տնօրենի տեղակալների առջև բացման խոսքով հանդես եկավ ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, որը շնորհավորեց բոլորին, ներկայացրեց ուսպլանի ձևավորման կարևոր դրույթները, ներքին վերահսկողության մեխանիզմների ներդրման շեշտադրումները։
ԿԶՆԱԿ հիմնադրամի մի խումբ մասնագետներ տնօրենի տեղակալների և մեթոդմիավորման նախագահների համար պատրաստել էին նոր ուստարվա նորությունների և անելիքների փաթեթ, որը ներկայացվեց լսարանին, որից հետո պատասխանեցին դպրոցների ներկայացուցիչների բազմապիսի հարցերին։
Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետները խոսեցին ՀՊՉ-ի եռամյա ներդրման ձեռքբերումների և դժվարությունների մասին, ուղենշեցին դպրոցների անելիքները։ Գնահատման բաժնի մասնագետները խոսեցին գնահատման մեթոդաբանության, գնահատման տեսակների, նրանց կիրառման պարբերականության, հնարների և թյուրըմբռնումների մասին, պատասխանեցին մասնակիցների բարձրացրած հարցերին։
Խորհրդակցություններին ակտիվորեն մասնակցում էին նաև ՆՈՒՀ-երի մեթոդիստները, որոնց առջև հանդես եկավ ՀՊՉ-ի և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետը։ Նա խոսեց ՆՈՒՀ-երում չափորոշչի և ծրագրերի ներդրման, մենթորական վերապատրաստումների, ՆՈՒՀ-երում ներդրվող գնահատման համակարգի մասին։
ԿԶՆԱԿ-ը բոլոր ներկաների համար պատրաստել էր քյուարկոդերով աշխատող էջանշաններ, որտեղ զետեղված էին հանրակրթական դպրոցներին և ՆՈՒՀ-երի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ուսումնական նյութերը, ուղերձները և տեսաձայնագրություններ։
Այցելությունները ընթացքի մեջ են, և հանդիպում-քննարկումներ են լինելու ՀՀ բոլոր մարզերում։
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 23-ին Արմավիրի և Արագածոտնի մարզերում։
Comments
Post a Comment