10-րդ դասարանի Հայ գրականության ծրագիրը կիրառության մեջ

Օր առաջին

2024 թվականի հոկտեմբերի 14-ին սկսվեց «10-րդ դասարանի Հայ գրականության ծրագիրը կիրառության մեջ» վերնագրով եռամսյա վերապատրաստումը, որին մասնակցում են 10-րդ դասարանում դասավանդող գրականության ուսուցիչները։  Գրանցումն ավարտվել էր հոկտեմբերի 9-ին, և բոլոր գրանցվածներին ուղարկվել էին հանդիպման հղումը, օրն ու ժամը։  

Դասընթացին ներկա 132 մասնակիցներին ներկայացվեցին վերապատրաստման նպատակը, վերջնարդյունքները, ձևաչափը, աջակից սեմինարավարների կազմը։ Չափազանց կարևոր է, որ 10-րդ դասարանում դասավանդողները կարողանան ճիշտ օգտվել առարկայական ծրագրից, թեմատիկ բաժինների տրամաբանությամբ կառուցեն իրենց դասերը, կարողանան աշխատել մեծածավալ գրական ստեղծագործությունների հետ, տեքստի հետ աշխատանքի նրբությունների մեջ խորանան։  

Եռամսյա վերապատրաստումների ընթացքում կլինեն դասախոսություններ, հանդիպումներ դասագրքերի հեղինակների հետ, կկատարվեն գործնական աշխատանքներ, կձևավորվեն խմբեր, որոնք կմշակեն դասի պլաններ, կվարեն դասեր։ Դասընթացի ժամանակ ձեռք բերած կարողությունները կկիրառեն դասարաններում, կներկայացնեն մյուս խմբերին։ 

Վերապատրաստման մասնակիցների հաճախումը գրանցվելու է, վկայական է տրվելու միայն բոլոր հանդիպումներին ներկայացած, ակտիվ ներգրավված, գործնական աշխատանքներ կատարած և ինքնատիպ մոտեցումներ դրսևորած մասնակիցներին։  

Ուսուցիչները ոգևորված էին, փաստեցին, որ նման ձևաչափի երկարաժամկետ դասընթացի կարիք ունեն, որի ավարտին կլինեն առավել ինքնավստահ, պատրաստված, նոր մեթոդաբանությամբ հարստացած։ 














Comments