ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է դպրոցների ղեկավար կազմի ներգրավմամբ անցկացված «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» թեմայով համաժողովին:
Համաժողովի նպատակն է խթանել գենդերազգայուն և գենդեր-արձագանքող ուսուցումը ՀՀ հանրակրթական դպրոցներում՝ ընդգծելով կրթության դերը ներառականության և հավասարության ամրապնդման հարցում։ Եվրոպայի խորհրդի և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) համագործակցությամբ մշակված «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» առցանց դասընթացի գործարկման միջոցով փորձ է արվում կրթության ոլորտում անդրադառնալ գենդերային հիմնախնդիրներին և դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը մասնագիտական համայնքի շրջանակում։
Համաժողովին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և կարևորել ծրագիրը երեխաների պաշտպանության համատեքստում. «Բոլորիս հայտնի է, որ երեխան՝ որպես անձ, ձևավորվում է նաև դպրոցում, և այդ միջավայրն ու պայմաններն են պայմանավորում անձի՝ ավելի ժամանակակից գաղափարներ և աշխարհայացք ունենալը կամ հակառակը: Երեխայի վրա դպրոցն ունի հսկայական ազդեցություն ինչպես ուսուցչական, այնպես էլ իր հասակակիցների ներգործության տեսանկյունից: Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում այս ուղղությամբ, և այս ծրագիրը ևս մեզ օգնելու է դպրոցներում էլ ավելի բարելավելու վաղ արձագանքման ու բացահայտման մեխանիզմները»:
Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ բռնության ենթարկված երեխայի համար հետին պլան են մղվում գիտելիքներն ու կարողությունները, հետևաբար դպրոցի առաջնային խնդիրը երեխայի համար անվտանգ ու ապահով միջավայրի ապահովումն է: Եվ այս համատեքստում ծնողը ևս պետք է վստահ լինի, որ պետությունը կանգնած է իր երեխայի կողքին:
Արաքսիա Սվաջյանը նշել է՝ չափորոշչի ներդրման շրջանակում ծրագրերի մշակում և դասագրքերի փորձաքննություն իրականացնելիս փորձ է արվում ուշադրություն դարձնել բոլոր այն ռիսկերին, որոնք կարող են սեռով պայմանավորված որոշակի դիրքորոշումներ ձևավորել՝ հնարավորինս նվազեցնելու մանկավարժական գործունեության գենդերզագայուն խնդիրները:
Նյութի աղբյուրը՝ https://escs.am/am/news/25834
Comments
Post a Comment