Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի շրջանակում երեք տարի շարունակ հետևողական աշխատանք է տանում հանրապետության մարզերի և Երևան քաղաքի դպրոցների տարրական ծրագրի ուսուցիչների հետ: Նպատակը մեկն է՝ ուսուցիչների արդյունավետ աշխատանքի միջոցով զարգացնել կրտսեր դպրոցականների կարդալու կարողությունը և նրանց մեջ ձևավորել ընթերցասիրություն:
Դեկտեմբերի 4-18-ը ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները վերապատրաստման դասընթացներ իրականացրին Երևանի Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի այն դպրոցներում, որոնք նախորդ տարիներին չէին ընդգրկվել ծրագրում: Ավելի քան 200 ուսուցիչներ հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու կարդալու կարողության ձևավորման ժամանակակից մոտեցումներին, մայրենիի «ընթերցանություն» հիմնական հասկացության ներքո սահմանված չափորոշչային վերջնարդյունքներին, այլև կոնկրետ ստեղծագործության օրինակով գործնական աշխատանքներ կատարեցին ու քննարկեցին արդյունքները:
Սովորողների կարդալու որակական հատկանիշների պարբերական ստուգումն ու արձանագրումը և դրանց հիման վրա աշխատանքների պլանավորումը ակտիվ ընթերցողներ դաստիարակելու գրավականն են: Յուրաքանչյուր սովորողի ընթերցանության թղթապանակի պատմությունը ձևավորվում է հավաստի և աստիճանաբար բարելավվող արդյունքների հիման վրա՝ անհատական և խմբային աշխատանքների հերթագայությամբ:
Աշխատանքը դպրոցների հետ շարունակական է լինելու առցանց հարթակում: Վարչական շրջանի դպրոցները կներկայացնեն բարձրաձայն կարդալու որակական հատկանիշների ստուգման արդյունքներն ու դրանց հիման վրա մշակած աշխատանքների ընթացքը: Դպրոցները հնարավորություն կունենան նաև ծանոթանալու միմյանց փորձին ու խնդիրները լուծելու տարբերակներին:
Միայն շարունակական ու հետևողական աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել կայուն զարգացող արդյունքի ընթերցանության ոլորտում:
Comments
Post a Comment