«Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողով


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացվում է «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովի հանրապետական փուլը՝ նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց լուծումներին նվիրված։

Աշխատաժողվի նպատակ ժամանակակից մանկավարժական մոտեցումների քննարկումն ու համակարգում առկա լավագույն փորձի փոխանակումն է։ Նախադպրոցական կրթության ոլորտում տարվա ընթացքում իրականացված ամենակարևորը աշխատանքը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի փոխանցմամբ, չափորոշչի ներդրմանն է ուղղված: Այս տարվա ընթացքում արդեն ավելի քան 500 մանկապարտեզներում ներդրվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը, որը, մասնագետների գնահատմամբ, փոփոխություն է բերել կրթական գործընթացում:

«Մանկավարժները, տնօրեններն ու մյուս մասնագետները խոսում են ավելի ոգևորված աշխատելու ցանկության, փոփոխությունների, ավելի չափելի վերջնարդյունքներ ունենալու, առկա խնդիրները գնահատելու և դրանց լուծման եղանակներն ավելի հեշտությամբ գտնելու և ավելի մեծ հաջողությունների հասնելու մասին: Հուսով եմ՝ ձեր կողմից ներդրվող ջանքերը տեսանելի արդյունքներ են արձանագրելու առաջիկայում, և դրա արտացոլանքը տեսնելու ենք նաև երեխաների զարգացման գործընթացում: Չափորոշչի ներդրման շրջանակում մեծ աջակցություն է մենթոր մանկապարտեզների համակարգի ներդրումը, որը ստեղծվել է մենթոր դպրոցների օրինակով։ Ըստ նոր չափորոշչի՝ այդ հաստատությունները ստանձնել են վերապատրաստողի դերակատարումը, և, բնականաբար, գործընթացը բարդ էր»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու շնորհակալություն հայտնել մենթոր մանկապարտեզների աշխատակիցներին, որոնք ջանք չեն խնայել շուրջ 2000 մանկավարժների վերապատրաստումն իրականացնելիս:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացման ծրագրերին՝ տեղեկացնելով, որ այս տարի շուրջ 1500 նախադպրոցական մանկավարժներ անցել են վերապատրաստումներ, ընդ որում՝ վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ մոտեցումները խստացվել են։ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ այս տարի նախադպրոցական 26 մանկավարժի շնորհվել է տարակարգ․ գործընթացը շարունակվում է։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել՝ այս թիվը հաջորդ տարվա ընթացքում զգալիորեն կավելանա. «Մեզ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մասնագետ ջանքեր ներդնի իր մասնագիտական զարգացման համար և այդ ջանքերի համար ունենա նաև համապատասխան խրախուսանքի հնարավորություն: Այն չափանիշները, որոնք ներկայացված են տարակարգի ստացման համար, մասնավորապես՝ պարապմունքների պլանները, տեսադասերը, դուք ամեն օր եք իրականացնում և պարզապես պետք է փոքր-ինչ ավելի մանրամասն աշխատեք այդ ուղղությամբ՝ տարակարգի ստացման համար դիմելիս: Հուսով եմ՝ հաջորդ տարի կունենանք շատ ավելի բարձր ցուցանիշներ»:

Հաջորդիվ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նախադպրոցական կրթության հասանելիության խնդրին: Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ 2024 թվականին ավելի քան 92 հազար 3-5 տարեկան երեխաներ արդեն իսկ հաճախում են նախադպրոցական ուսումնական հաստատություններ, իսկ նրանցից շուրջ 6000-ը՝ նախակրթարաններ:

Նյութի աղբյուրը՝ https://escs.am/am/news/26442


















Comments