ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժինը շարունակում է իր մարզային այցելությունները՝ «ՀՊՉ-ն և առարկայական ծրագրերը կիրառության մեջ» թեմայի շրջանակներում

ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժինը, շարունակելով իր մարզային այցելությունները՝ «ՀՊՉ-ն և առարկայական ծրագրերը կիրառության մեջ» թեմայի շրջանակներում, սույն թվականի դեկեմբերի 12-ին հերթական առկա սեմինարն անցկացրեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցում շրջակա ուսումնական հաստատությունների ուսուցիչների համար։ Սեմինարին մասնակցում էին մարզի տարբեր առարկաների շուրջ 200  ուսուցիչ, դասվար և դասղեկ՝ առանձին խմբերում ծանոթանալու «Ինքնուրույն սովորելու հմտություններ», «Ժողովրդավարական մշակույթի կարողունակություններ» թեմաներին և առարկայական ծրագրերի կառուցվածքին։

Սեմինարի ժամանակ բացի վերը նշված թեմաներից անդրադարձ կատարվեց նաև նոր Չափորոշչի պահանջներին, ներկայացվեց առարկայական ծրագրերում կատարվող փոփոխությունները, ուսուցիչները ներկայացրեցին առաջացած դժվարությունները, նշեցին նաև ձեռքբերումները՝ բարձրացնելով տարբեր հարցեր, որոնցից շատերը վերաբերում էին գնահատմանը, էլեկտրոնային մատյանի վարմանը, սովորողների կիսամյակային բնութագրերի կազմմանը:
Շատ դասվարներ հանդես եկան առաջարկությամբ՝ տարածաշրջանի ուսուցիչների համար կազմակերպելու ձևավորող գնահատմանը վերաբերող դասընթաց։
Բուռն ու կառուցողական քննարկումներով նախորդ սեմինարներից անմասն չմնաց նաև այս հանդիպումը։ 

Հանրակրթության պետական չափորոշչի

և  ուսումնական ծրագրերի բաժին



 

Comments