ԱՄՓՈՓՎԵՑ «ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 7» ԾՐԱԳԻՐԸ

2025 թվականի հունիսի 6-ին Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Իմ կյանքը համայնքում-7» աշակերտների փոխանակման ծրագրի ամփոփման միջոցառումը։ Դպրոցը հյուրընկալել էր ծրագրին մասնակցող 28 դպրոցի մանկավարժներին, սովորողներին և ծնողներին։ Ներկա էին նաև ՀՀ Արագածոտնի փոխմարզպետ Արմեն Գրիգորյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը։               

Դպրոցի տնօրեն Տաթևիկ Սարգսյանը ողջունեց հյուրերին, խոսեց ծրագրի կարևորության մասին։ ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ այս ծրագիրը նպատակ ունի խթանելու Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների համագործակցությունը և փորձի փոխանակումը, ինչը հաջողությամբ արդեն 7-րդ անգամ իրականացվեց։ Նա նշեց, որ ամեն անգամ ծրագրին մասնակցում են ավելի մեծ թվով աշակերտներ, ինչը խոսում է ծրագրի նկատմամբ հետաքրքրության մասին։ Արմեն Գրիգորյանն իր ողջյունի խոսքում նշեց նման ծրագրերի կարևորությունը սովորողների կրթության և դաստիարակության գործում և կոչ արեց, որ մարզի այլ դպրոցներ ևս մասնակցեն այս ծրագրին։ 

Դպրոցի գողտրիկ այգում մասնակից դպրոցները ներկայացրեցին իրենց համայնքին հատուկ սովորույթները, տեսարժան վայրերը, ուտեստները։ Աշակերտները կիսվեցին իրենց տպավորություններով և ծրագրի վերաբերյալ գաղափարներով՝ ընդգծելով նման ծրագրերի կարևորությունը թե՛ կրթական, թե՛ համայնքային կապերի ամրապնդման գործում։ Միջոցառումն ընթացավ ջերմ և ոգեշնչող մթնոլորտում՝ վերածվելով համագործակցության և համատեղ արժեքների տոնախմբության։ 

Այս ծրագիրը հայրենիքը սիրելու ու բարեկամության մասին է, հայրենիքը մոտիկից ճանաչելու, բացահայտելու, բարության, լավատեսության, հայը հային գնահատելու, արժևորելու ու հպարտանալու մասին է։  

Նարինե Մնացականյան 

ՈՒՄԶ բաժնի մասնագետ 









































Comments