Մայիսի 31-ին ԵՊՀ-ում կայացած «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողովի «Սոցիալ-հուզական զարգացում ուսումնառության գործընթացում» աշխատարանը վարեց ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի մասնագետ, բ․գ․թ․ Նաիրա Ղումաշյանը։ Նա ընդգծեց ուսուցչական համագործակցության ու փորձի փոխանակման կարևորությունը, ինչպես նաև մարտահրավերային թեմաների քննարկման անհրաժեշտությունը՝ որպես ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման գրավական։
Աշխատարանի բանախոսները ներկայացրին իրենց փորձառությունը՝ ուսումնառական միջավայրը սոցիալ-հուզական առումով բոլորի համար նպաստավոր և զարգացնող դարձնելու ուղղությամբ։ Կրթության բազմազանության, պատկերավոր մտածողության և դեռահասների սոցիալ-հուզական զարգացման առանձնահատկությունների, սադրիչ հարցերով սոցիալ-հուզական զարգացման մասին ներկայացված թեմաները արդիական էին ու հետաքրքիր։
Խոսնակները՝ ՀՄԿ փոխտնօրեն Հայկուհի Ադամյանը, Վանաձորի հ․ 21 հիմնական դպրոցի՝ «Սերունդ» ծրագրի ուսուցիչներ Նելլի Ստեփանյանը և Մարիամ Մարիկյանը, Մեղրիի հ․ 2 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Գոհար Խաչատրյանը և Երևանի հ․ 122 հիմնական դպրոցի ուսուցիչ Ռուզաննա Վերանյանը, ամբողջ լսարանին արհեստավարժորեն ներգրավեցին իրենց աշխատանքների ներկայացման մեջ։ Զեկուցումները ներկայացվեցին ինտերակտիվ ձևաչափով, գործնական շեշտադրմամբ, կառուցողական և ջերմ քննարկման մթնոլորտում։
Քննարկումների ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվեց այն գաղափարը, որ սովորողների սոցիալ-հուզական զարգացումը կրթական գործընթացի հավելյալ բաղադրիչ չէ, այլ դրա հիմնաքարը։ Այն ձևավորում է անվտանգ և վստահելի միջավայր, ուր սովորողը կարող է զարգանալ ոչ միայն ակադեմիական, այլև անձնային հարթության վրա՝ ապահովելով ուսումնառության արդյունավետությունը։
Աշխատարանի ավարտին մասնակիցները դուրս եկան նոր գործիքակազմով՝ իրենց դասարաններում ՍՀԶ սկզբունքները ներդնելու պատրաստակամությամբ՝ գիտակցելով, որ ուսուցիչը վաղուց դուրս է եկել միայն գիտելիք փոխանցողի դերից, նա նաև հուզական առաջնորդ և ոգեշնչող ուղեկից է, ով աջակցում է սովորողներին՝ ճանաչելու սեփական զգացմունքները, կառուցելու անվտանգ ու վստահելի հարաբերություններ, հաղթահարելու հաղորդակցական դժվարությունները, դառնալու հասարակության գիտակից ու հոգատար անդամներ։






















Comments
Post a Comment