«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողով․ «Թվային գործիքների  և արհեստական բանականության օգտագործումը ուսուցման գործընթացում»

2025 թ․մայիսի 31-ին Երևանի պետական համալսարանում կայացավ  «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի հանրապետական փուլը։  

Համաժողովի հանրապետական փուլի ամփոփումը նշանավորվեց մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ, փորձի փոխանակմամբ և կրթական նորարարական մոտեցումների ներկայացմամբ։ Համաժողովին մասնակցեցին հանրապետության ավելի քան 700 ուսուցիչներ՝ բոլոր մարզերից։   

Համաժողովի ընթացքում ներկայացվեց ուսուցիչների լավագույն փորձը, քննարկվեցին կրթության զարգացման միտումները։ Միջոցառումն ամրապնդեց մասնագիտական կապերը և նպաստեց շարունակական զարգացման ու որակի բարձրացման ուղղությամբ համատեղ քայլերի մշակմանը։ 

Համաժողովի շրջանակում անցկացվող 7 աշխատարաններից մեկի ուղղությունն էր «Թվային գործիքների  և արհեստական բանականության օգտագործումը ուսուցման գործընթացում»։ Այս թեման մեծ հետաքրքրություն էր առաջացրել մանկավարժների մոտ և աշխատարանում հավաքվել էին մեծ թվով մանկավարժներ։ 

«Ինչ է թվային քաղաքացիական կրթությունը» թեմայով հետաքրքիր զեկույցով հանդես եկավ ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը՝ պարզաբանելով, որ թվային քաղաքացիական կրթությունը կրթական գործընթաց է, որի նպատակն է ձևավորել թվային դարաշրջանում գործելու համար անհրաժեշտ գրագետ, պատասխանատու, էթիկապես մտածող և անվտանգ թվային միջավայրում գործող քաղաքացի։ 

Ուսանելի և գործնական զեկույցներ էին նաև Երևանի «Հերացի» ավագ դպրոցի մանկավարժներ Աննա Գալստյանի և Արմեն Ստեփանյանի, Վանաձորի բնագիտամաթեմատիկական թեքումով ավագ դպրոցի ուսուցիչ Նարինե Բաղդասարյանի ելույթները։ 

Աշխատարանը վարում էր ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի մասնագետ Նարինե Մնացականյանը։ 

Այս համաժողովը ևս մեկ անգամ հաստատեց, որ կրթության բարեփոխումները սկսվում են ուսուցչից, իսկ հզոր պետությունը՝ կրթված հասարակությունից։ 

 Ուսուցիչների մասնագիտական 

զարգացման բաժին 















Comments