Եվրոպայի խորհրդի Պատմության դասավանդման մեթոդաբանությանը նիրված 4-րդ ֆորում

2025 թ. հունիսի 11-13-ը Բուդապեշտում, Եվրոպայի խորհրդի երիտասարդական կենտրոնում, տեղի ունեցավ պատմության դասավանդման մեթոդաբանությանը նվիրված չորրորդ ֆորումը՝ «Երբ սովորողները հանդիպում են պատմությանը. պատմության դասավանդման դերը 21-րդ դարում» խորագրով։

Ֆորումին մասնակցում էր ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը՝ ներկայացնելով Հայաստանի փորձը և տեսլականը պատմության կրթության զարգացման ուղղությամբ։

Ֆորումի նպատակն էր քննարկել այն միջավայրը, որտեղ սովորողները շփվում են պատմության հետ, ինչպես նաև վերլուծել կրթական գործընթացներում առկա մարտահրավերները, այդ թվում՝ թվային տեխնոլոգիաների ազդեցությունը փաստերի խեղաթյուրման և ապատեղեկատվության տարածման համատեքստում։

Երեք օր տևած աշխատանքների ընթացքում մասնակիցները ներգրավված էին թեմատիկ աշխատանքային խմբերում, մասնակցում էին վերլուծական քննարկումների և լսում բանախոսություններ։ Քննարկվել են պատմության կրթության բազմաբնույթ ձևաչափերը՝ որպես ողջ կյանքի ուսուցման բաղադրիչ, ընդգծվել է դրա նշանակությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ամրապնդման գործում։

Լիլիթ Մկրտչյանը ակտիվ մասնակցություն է ունեցել թեմատիկ աշխատանքային խմբերի քննարկումներին։

Ֆորումը դարձավ համագործակցության կարևոր հարթակ՝ համախմբելով տարբեր երկրների կրթության ոլորտի մասնագետներին, քաղաքականություն մշակողներին, ուսուցիչներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ փորձի փոխանակման և ապագա ծրագրերի պլանավորման շուրջ։

Մեր մասնակցությունը ևս մեկ քայլ է դեպի ներառական, բազմակողմանի և ժողովրդավար արժեքների վրա հիմնված պատմության կրթությունը։












Comments