ԿԶՆԱԿ-ի մասնագետների մասնակցությունը «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմային արտագնա խորհրդակցությանը

Օգոստոսի 7-9-ը Ծաղկաձոր քաղաքում կայացավ արտագնա խորհրդակցություն՝ նվիրված «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմային, որի նպատակն էր քննարկել նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքները և ոլորտային ընթացիկ բարեփոխումների իրագործման ընթացքը։
Խորհրդակցությանը ներկա էին ԿԳՄՍ նախարարության, ԿՏԱԿ-ի, տեսչական մարմնի աշխատակիցներ, մարզային վարչության պետեր։
Միջոցառումն անցկացվել է Հայաստանի կրթության համակարգին տրամադրվող ԵՄ բյուջետային աջակցության շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեխնիկական օժանդակությամբ։
Խորհրդակցության ընթացքում ԿԶՆԱԿ հիմնադրամի Գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը ներկայացրեց հանրակրթության գնահատման համակարգում իրականացվող փոփոխությունները՝ անդրադառնալով հին, իներցիոն կիրառմամբ պահպանվող մոտեցումների բացերին և թերություններին, ինչպես նաև դրանց գիտական հիմնավորման բացակայությանը։ Սխեմատիկ ձևով ներկայացվեցին գործող համակարգի անհամապատասխանությունները գնահատման հիմնական սկզբունքներին՝ ապահովելով մասնակիցների համար պարզ և համեմատական պատկերացում։
Բացի այդ, ներկայացվեցին փոփոխված գնահատման համակարգի գիտական ու մեթոդական հիմնավորումները, նոր մոտեցումների առավելությունները և դրանց կիրառմանն ուղղված քայլերը՝ շեշտադրելով նոր համակարգի ներդրման նշանակությունը կրթության որակի բարձրացման և արդար, թափանցիկ գնահատման ապահովման գործում։
Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը ներկայացրեց առարկայական չափորոշիչն ու ծրագրերը, անդրադարձավ չափորոշչի կառուցվածքին, սկզբունքներին, նաև էսսեի ներդրմանը, հիմնական հասկացություններին։ Իսկ խաչվող հասկացությունները լուսաբանվեցին ԿԶՆԱԿ-ի կողմից ստեղծված տեսանյութով։ Խոսեց ծրագրերի հիմնական առանձնահատկությունների և վերջնարդյունքների ապահովմանը միտված ուսումնական գործունեության կարևորության մասին։ Լսարանը տարբեր հարցեր ուղղեց էսսեի ներդրման ընթացքի վերբարյալ։
Գայանե Մկրտչյանը հատուկ անդրադարձավ Տավուշի մարզի ավարտական քննության արդյունքներին, օրինակներ բերեց սովորողների էսսեներում տեղ գտած անձնական տեսակետներից։ Բարձրաձայնվեցին հաջողությունները, քննարկվեցին մտահոգություններն ու խնդիրները։
Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման աջակցության բաժնի մասնագետ Արմեն Հովսեփյանը մասնակիցներին ներկայացրեց Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա ուսումնական պլանների մշակման մոտեցումները 1-ին, 4-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում առարկայական նոր չափորոշիչների ներդրման գործընթացի համատեքստում։
Ինչպես նաև ներկայացրեց 2025-2026 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների համար մշակված ուսումանադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի մշակման ձևաչափը և դրա կապը դպրոցի զարգացման ծրագրի հետ։




Comments
Post a Comment