Վերապատրաստումները նպատակ ունեին զարգացնել ուսուցիչների կարողությունները՝ համահունչ կրթական նոր չափորոշիչներին և պատմության դասավանդման արդիական պահանջներին։ Մասնակիցներին ներկայացվել է պատմական մտածողության վեց հիմնասյուները՝
- շարունակականություն և փոփոխություն,
- պատճառահետևանքային կապ,
- պատմական կարևորություն,
- բազմազան տեսակետներ,
- էթիկական կողմ և այլն։
Բացի այդ, ուսուցիչները ծանոթացել են պատմական աղբյուրների հետ աշխատելու ԾՆԲԱՍ մեթոդին, որն օժանդակում է սովորողների վերլուծական մտածողության զարգացմանը։
Դասընթացի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սովորողների հիմնական ութ կարողունակությունների ձևավորմանը, որոնք սահմանված են հանրակրթական պետական չափորոշչով։ Ուսուցիչներին ներկայացվել են մի շարք գործնական մեթոդներ և ռազմավարություններ, այդ թվում՝
սովորելու հմտությունների զարգացման համար պոմիդորոյի տեխնիկան,
Կագանի համագործակցային ռազմավարությունները,
գնահատման համար ստուգաթերթերի կանխավ տրամադրում,
մոտեցումներ, որոնք նպաստում են սովորողների արժեհամակարգի ձևավորմանն ու հիմնավորված կարծիքի արտահայտմանը։
Այս ամենը հնարավորություն է տվել արդյունավետորեն հաղթահարել դասագրքերի բացակայության պայմանները՝ դասավանդումը դարձնելով ավելի ստեղծագործ և արդյունավետ։
Մասնակից ուսուցիչները բարձր են գնահատել դասընթացների բովանդակությունը, արդիականությունը և գործնական կիրառելիությունը։ Նրանք ընդգծել են դասընթացավարների պրոֆեսիոնալիզմը, մատչելի ու մոտիվացնող մոտեցումները։ Վերապատրաստումների առավելություններից է նաև դրանց ճկուն կազմակերպումը՝ առանց ժամանակի և վայրի սահմանափակումների։
Վերապատրաստումները ոչ միայն գիտելիքներ և գործիքներ են փոխանցել, այլև աջակցել են ուսուցիչներին վստահությամբ և ներշնչանքով լի կրթական միջավայր ձևավորելու գործում։ Դրանք նպաստել են մանկավարժների մասնագիտական հմտությունների զարգացմանը, մանկավարժական գործիքակազմի հարստացմանը և կրթության նոր պահանջներին հարմարվելուն։
Comments
Post a Comment