Հարգելի՛գործընկերներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկում է «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» ֆիլմաստեղծման հանրապետական նորարարական դպրոցական նախագիծը, որը նպատակ ունի համադրել կրթությունը, արվեստը և տեխնոլոգիան՝ ստեղծելով ինքնատիպ ուսումնական միջավայր: Այն հնարավորություն է տալիս զարգացնելու սովորողների՝ 21-րդ դարի առանցքային հմտությունները, ինչպիսիք են՝ քննադատական և ստեղծագործական մտածողությունը, համագործակցությունը, ինքնաճանաչողությունը, թվային և մեդիագրագիտությունը: Արդյունքում՝ սովորողները դառնում են ավելի մրցունակ և պատրաստակամ՝ դիմակայելու ապագայի մարտահրավերներին:
Մանրամասներին ծանոթացեք՝ ստորև ներկայացված կանոնակարգում։
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։
ԿԶՆԱԿ հիմնադրամ
Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին
Համակարգող՝ Սիրինե Կոսյան
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
«ՖԻԼՄ, ՖԻԼՄ, ՖԻԼՄ» ՖԻԼՄԱՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Նախագիծը հանդիսանում է կրթական նորարարական մոդել, քանի որ այն հաջողությամբ համադրում է կրթությունը, արվեստը և տեխնոլոգիան՝ ստեղծելով ինքնատիպ ուսումնական միջավայր: Այն հնարավորություն է տալիս զարգացնելու սովորողների՝ 21-րդ դարի առանցքային հմտությունները, ինչպիսիք են՝ քննադատական և ստեղծագործական մտածողությունը, համագործակցությունը, ինքնաճանաչողությունը, թվային և մեդիագրագիտությունը: Արդյունքում՝ սովորողները դառնում են ավելի մրցունակ և պատրաստակամ՝ դիմակայելու ապագայի մարտահրավերներին:
Նպատակներ
Զարգացնել սովորողների ստեղծագործական և քննադատական մտածողությունը։
Սովորողների մոտ ձևավորել համագործակցելու և թիմային աշխատանքի կարողություններ։
Սովորողների մոտ ձևավորել ճիշտ որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու հմտություններ։
Նպաստել սովորողների լեզվական գրագիտության, սովորել սովորելու, ինքնաճանաչողական և սոցիալական, թվային և մեդիագրագիտության, մշակութային, մաթեմատիկական ու գիտատեխնիկական կարողունակությունների ձևավորմանն ու զարգացմանը՝ ֆիլմ պատրաստելու միջոցով։
Խնդիրներ
Ծանոթացնել ֆիլմարտադրությանն անհրաժեշտ թվային գործիքներին՝ խթանելով սովորողների հետաքրքրությունը կինոարվեստի նկատմամբ՝ որպես արվեստի և ինքնարտահայտման միջոց։
Ստեղծել ֆիլմեր, որոնք բխում եմ սովորողների առօրյա կյանքից և հասարարակական պահանջներից։
Կազմակերպել միջոցառումներ, որոնք կմիավորեն սովորողներին, ուսուցիչներին և ծնողներին ստեղծագործական և հետաքրքիր նախագծերի շուրջ՝ հնարավորություն տալով նրանց ներկայացնել իրենց ստեղծագործական ներուժը:
Վերջնարդյունքներ
Սովորողները կունենան պատկերացում ֆիլմարտադրության, ներառյալ՝ սցենարային կառուցվածքի, ռեժիսուրայի, օպերատորական լուծումների, մոնտաժի և ձայնային ձևավորման վերաբերյալ։
Սովորողները ձեռք կբերեն մեդիագրագիտության հմտություններ, որոնք կօգնեն քննադատորեն վերլուծել ու ստեղծել ցանկացած բովանդակություն՝ ցուցաբերելով պատասխանատվություն և գեղագիտական մոտեցում։
Կզարգանա սովորողների ստեղծագործական մտածողությունն ու գեղարվեստական ճաշակը, ի հայտ կգան ինքնարտահայտման նոր միջոցներ։
Մասնակիցները կսովորեն աշխատել թիմում, կբարելավեն համագործակցության, և հաղորդակցման հմտությունները, կբարձրանա սովորողների ինքնավստահությունը՝ սեփական գաղափարները կյանքի կոչելու և հանրային ներկայացման միջոցով։
Նախագծի արդյունքում սովորողների կողմից կստեղծվեն կարճամետրաժ ֆիլմեր, որոնք կարտահայտեն նրանց մտահղացումները, խնդիրների ընկալումը և ստեղծագործական մոտեցումները։
Նախագծի բովանդակությունը
Նախագծի իրականացման համար առանձնացվել են թեմաներ և/կամ ուղղություններ, որոնք կարող են հարմարեցվել և մշակվել ըստ սովորողների հետաքրքրությունների և հմտությունների՝ ֆիլմի ստեղծման գործընթացը դարձնելով ուսուցանող, մոտիվացնող և զվարճալի:
1) Ընկերություն և հարաբերություններ
Այս ուղղությունը շեշտադրում է մարդկային հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և համագործակցության կարևորությունը։ Սովորողները կքննարկեն, թե ինչպես ճանաչել իսկական ընկերներին, ինչպես հաղթահարել հարաբերությունների դժվարությունները, կոնֆլիկտները և ինչպես միասին աշխատել՝ ընդհանուր նպատակների հասնելու համար։ Կարևորվում է նաև ներողամտության և փոխզիջման դերը՝ հարաբերություններում ծագած վեճերը հանգուցալուծելու գործում։
2) Անվտանգ և ապահով կրթական միջավայր
Այս ուղղությունը շեշտադրում է, որ սովորելը կարող է լինել ոչ միայն պարտականություն, այլև հետաքրքիր ու զվարճալի գործընթաց։ Թեման նվիրված է դպրոցական առօրյային և ուսումնական գործընթացին՝ ընդգծելով, որ դրա համար առաջնային է անվտանգ և ապահով կրթական միջավայրի ձևավորումը, որը զերծ է բռնություններից և բուլինգից։ Նախագիծը կքննարկի այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ինչպես նոր միջավայրում հայտնվելը կարող է բացահայտել նոր հնարավորություններ, և ինչպես է աշակերտի մոտեցումը դասերին փոխվում՝ ապահով ու անվտանգ միջավայրի շնորհիվ։
3) Ընտանեկան արժեքներ
Այս ուղղության շրջանակում պետք է անդրադառնալ ընտանիքի՝ որպես մարդու կյանքի հիմնաքարի կարևորությանը։ Կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ինչպես աջակցել ընտանիքի անդամներին դժվար պահերին, ինչպես են ընտանեկան արժեքներն ազդում անձի որոշումների վրա, և ինչպես են, օրինակ, տատիկի կամ պապիկի հետ կապված հիշարժան պատմությունները սերունդներին փոխանցում արժեքներ։
4) Սոցիալական թեմաներ
Թեման կենտրոնացած է հասարակական խնդիրների և քաղաքացիական պատասխանատվության վրա։ Սովորողները կբացահայտեն, թե ինչպես կարելի է հաղթահարել տեխնոլոգիաների գերօգտագործման հետևանքները, և ինչպես մեկ անձը կարող է փոխել իր համայնքը։ Կարևորվում է նաև համատեղ աշխատանքը՝ համայնքի մշակույթը, արժեքներն ու գեղեցկությունը պահպանելու և զարգացնելու նպատակով։
5) Բնապահպանական թեմաներ
Թեման կենտրոնանում է կանաչ կրթության և շրջակա միջավայրի պահպանմանն առնչվող գլոբալ ու տեղական խնդիրների վրա։ Աշակերտները կուսումնասիրեն կլիմայի փոփոխությունները, կսովորեն թափոնների նվազեցման և վերամշակման կարևորությունը, ինչպես նաև կբացահայտեն ջրի ռեսուրսների պահպանման և կենսաբազմազանության խնդիրները։ Այս թեմաները կձևավորեն բնապահպանական գիտակցություն։
6) Անձնական աճ և ինքնաբացահայտում
Այս ուղղությունը նպատակ ունի ոգեշնչել սովորւողներին՝ հավատալու իրենց սեփական ուժերին ։ Կքննարկվեն, թե ինչպես կրթությունը կարող է փոխել ապագան, ինչպես կարելի է հաղթահարել վախերը։ Կարևորվում է այն գաղափարը, որ մեկ մարդ իր նախաձեռնողականությամբ և արժեքներով կարող է փոխել շրջակա աշխարհը, համայնքը, մարդկանց և ոգեշնչել մյուսներին։
7) Արկածային և ֆանտաստիկ թեմաներ
Թեման ուղղված է սովորողտների ստեղծագործական մտածողության զարգացմանը։ Մասնակիցները կկարողանան ստեղծել պատմություններ մի կախարդական կամ անսովոր վայրում, որտեղ հերոսները պատահաբար հայտնվում են անցյալում կամ ապագայում։ Կարևոր է նաև այն գաղափարը, թե ինչպես է հերոսի հանդիպումը մի արտասովոր էակի հետ օգնում նրան բացահայտումներ անել և փոխել իր կյանքը։
8) Մոտիվացիոն և ուսուցողական թեմաներ
Այս շեշտադրում է ինքնավստահության և համառության կարևորությունը կյանքում։ Կքննարկվեն այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են՝ ինչպես ինքնավստահությունը և համառությունը կարող են հաղթանակ բերել, ինչպիսին են երեխաների տեսլականները իրենց ապագայի վերաբերյալ, և ինչպես փոքր նախաձեռնությունները կարող ունենալ մեծ ազդեցություն հասարակության վրա։ Թեման ուղղված է մասնակիցներին դրդելու դառնալ հասարակության փոփոխության կրողներ։
Նախագծի անցկացման փուլերն ու ժամկետները
Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝ երկուսը՝ մրցութային, մեկը՝ փառատոնային։
Առաջին փուլ (դպրոցական)։ Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն իրականացնում է մրցույթ, որի արդյունքում ընտրում և ներկայացնում է մենթոր դպրոցին 1 հաղթող աշխատանք՝ ֆիլմ (վերջնաժամկետ՝ 10-ը դեկտեմբերի 2025թ.):
Երկրորդ փուլ (մենթոր դպրոց)։ Մրցութային երկրորդ փուլն իրականացնում է մենթոր դպրոցը։ Փորձագիտական հանձնաժողովը (նախապես ձևավորվում է մենթոր դպրոցը, որի կազմի մեջ կարող են ընդգրկվել կրթության շահառուներ՝ վարչության մասնագետներ, տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և սովորողներ), որը դպրոցների կողմից ներկայացված ֆիլմերից ընտրում է լավագույն 2 ֆիլմ և ուղարկում ԿԶՆԱԿ հիմնադրամ՝ եզրափակիչ փուլին մասնակցելու համար (վերջնաժամկետ՝ 15-ը փետրվարի, 2026թ.):
Եզրափակիչ փուլ՝ ֆիլմերի դիտման փառատոն։ Կազմակերպում է ԿԶՆԱԿ հիմնադրամը, որին մասնակցում են բոլոր մենթոր դպրոցների կողմից հաղթող ճանաչված ֆիլմերը (վերջնաժամկետ՝ ապրիլ- մայիս, 2026թ.):
Նախագծի ընթացքը և ներկայացման ձևաչափը
Ընտրել վերոնշյալ թեմաներից առնվազն մեկը:
Հետևելով սեմինարների ժամանակ տրամադրված մասնագիտական խորհուրդներին՝ ստեղծել 3 րոպե տևողությամբ ֆիլմ՝ ընտրված թեմայով։
Ֆիլմը ներբեռնել YouTube՝ վերնագրի կողքին նշելով ԿԶՆԱԿ «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ»։
Կիսվել դպրոցի էջում՝ հեշթեգով նշելով ԿԶՆԱԿ հիմնադրամին և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։
Առաջին՝ մրցութային փուլում հաղթող ճանաչված ֆիլմի հղումը պետք է ուղարկել մենթոր դպրոցին։
Մենթոր դպրոցը սահմանված ձևաչափով կազմակերպում և իրականացնում է երկրորդ փուլը և հաղթող 2 ֆիլմերի յութուբյան հղումները ուղարկում ԿԶՆԱԿ հիմնադրամ, լրացնելով հետևյալ հայտը (յուրաքանչյուր աշխատանքի համար՝ առանձին)։
Երկու մրցութային փուլերը հաղթահարելուց հետո ֆիլմը ներկայացվում է եզրափակիչ հանրապետական փառատոնին դիտման համար։
Խորհրդատվական սեմինարներ
Նախագծի վերաբերյալ իրականացվելու են խորհրդատվական սեմինարներ ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից, որին մասնակցելու համար հայտագրվել՝ մինչև սեպտեմբերի 22-ը, հետևյալ հղումով։
Սեմինարները կանցկացվեն պարբերաբար և նախագծի ընթացքի տարբեր փուլերում՝ նպատակ ունենալով աջակցել մասնակիցներին ֆիլմի ստեղծման գործընթացում։
Սեմինարների թեմաների և անցկացման ժամանակացույցի մասին հավելյալ տեղեկատվություն կտրվի հայտագրված մասնակիցներին՝ հաղորդակցման համար ընտրված «Թիմս» հարթակի միջոցով։
ԿԶՆԱԿ հիմնադրամ
Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին
Comments
Post a Comment