Կայացավ «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով ուսուցչական համաժողովը


Հոկտեմբերի 4-ին՝ ուսուցչի միջազգային տոնին ընդառաջ, Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով ուսուցչական համաժողովը, որի նպատակն էր տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, խթանել ուսուցիչների մասնագիտական զարգացումը և միավորել ուսուցչական համայնքի մտավոր ներուժը կրթական բարեփոխումների գործընթացում։
Համաժողովի բացմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Դավիթ Ավագյանը։
Համաժողովին «Անվտանգ կրթական միջավայրի ապահովումը կրթական բարեփոխումների համատեքստում» թեմայով պլենար նիստում հանդես եկավ նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը՝ ընդգծելով, որ կրթության որակի ապահովման կարևոր բաղադրիչներից է անվտանգ և ապահով կրթական միջավայրի ձևավորումը, ինչը նաև համահունչ է հանրակրթական չափորոշչային պահանջներին։
Համաժողովի ընթացքում ԿԳՄՍ նախարարության կողմից պատվոգրերով պարգևատրվեցին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը և Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի մասնագետ Նահապետ Զաքարյանը՝ մասնագիտական ներդրման և արդյունավետ գործունեության համար։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցան վեց թեմատիկ աշխատարաններ՝ նվիրված կրթական միջավայրում հոգեբանական անվտանգությանը, սովորողակենտրոն մեթոդներին, թվային անվտանգությանը, հավասար հնարավորություններին և այլ արդիական հարցերին։
Աշխատարանների ընթացքում զեկուցումներով հանդես եկան նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Նարինե Սիրականյանը և մասնագետ Նաիրա Ղումաշյանը։
Համաժողովի աշխատանքներում ակտիվ մասնակցություն ունեցան բաժնի մասնագետները՝ Հերմինե Ուլիխանյանը, Նարինե Մնացականյանը, Մխիթար Գասպարյանը և Սիրինե Կոսյանը։












































Comments