Ֆրանսերենի նոր դասագրքերի ստեղծման ծրագիր. համագործակցություն ՀՀ ԿԳՄՍՆ-ի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության շրջանակում մեկնարկել է ֆրանսերենի նոր դասագրքերի մշակման և ստեղծման բազմափուլ ծրագիրը, որի նպատակն է ապահովել հանրակրթական նոր չափորոշիչներին համապատասխան ուսումնական նյութերի պատրաստումը հայաստանյան դպրոցների համար։

Ծրագիրը մեկնարկել է 2025 թ. օգոստոսին՝ հեռավար վերապատրաստման փուլով, որը նվիրված էր Լեզուների իմացության եվրոպական ընդհանուր շրջանակին (CECRL)։

Ծրագրին մասնակցում են ֆրանսերենի 22 ուսուցիչ-դասախոսներ Հայաստանի տարբեր մարզերից և հաստատություններից։ Վերապատրաստման ամբողջ գործընթացը վարում և մասնակիցներին ուղեկցում են France Éducation International-ի փորձագետները, որոնք ծրագրի բոլոր փուլերի ընթացքում կկազմակերպեն տեսական և գործնական աշխատանքները՝ ներառելով խմբագրական, մեթոդական և թվային բաղադրիչներ։

Հոկտեմբերի 21-23-ը ԿԶՆԱԿ հիմնադրամում իրականացվեց սեմինար-դասընթաց, որը կենտրոնացած էր մասնակիցների թվային հմտությունների զարգացման վրա՝ նպատակ ունենալով խթանել նրանց ակտիվ մասնակցությունը խմբագրական նախագծի իրականացման գործընթացում։

Ծրագիրը շարունակական է և ներառում է մի շարք փուլեր, որոնք կշարունակվեն 2026 և 2027 թվականներին՝ ուղղված ֆրանսերենի նոր դասագրքերի, ուսուցչի ուղեցույցների և ուսումնաօժանդակ նյութերի մշակմանը։















Comments