Հոկտեմբերի 20-ին ամփոփվեց ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից հաջողությամբ իրականացված «Թվային քաղաքացիական կրթություն» (Digital Citizenship Education/DCE) վերապատրաստման դասընթացը, որը նպատակաուղղված էր կրթության բոլոր մակարդակների ուսուցիչների գիտելիքների և հմտությունների զարգացմանը թվային քաղաքացիության ոլորտում։ Դասընթացին մասնակցել է շուրջ 110 ուսուցիչ Երևան քաղաքի և ՀՀ բոլոր մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններից, որոնցից ընտրվել են մենթորներ՝ դասընթացի շարունակականությունն ապահովելու համար։
Վերապատրաստման հիմնական նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել թվային քաղաքացիության հիմնական հասկացությունները, թվային քաղաքացիական կրթության տասը տիրույթները և դրանք դասարանում զարգացնելու արդյունավետ մոտեցումները։ Ինքնաշխատ դասընթացը ներառում է հինգ բաժին՝ ֆիզիկական և թվային աշխարհների համատեղ գոյության դիտարկում, թվային հմտությունների զարգացման դասարանային մեթոդներ, թեմատիկ միջոցառումների կազմակերպում և եզրափակիչ թեստային աշխատանք:
Վերապատրաստման ընթացքում ուսուցիչները ձեռք բերեցին գիտելիքներ և հմտություններ, որոնք հնարավորություն են տալիս՝
- ակտիվորեն զարգացնել թվային քաղաքացիների կարողունակություններ՝ թվային անվտանգության և էթիկայի պահպանում, պատասխանատվություն և թվային հաղորդակցական հմտություններ,
- կիրառել դասարանային գործնական նախագծեր և խմբային աշխատանքներ, որոնք նպաստում են թվային քաղաքացիական հմտությունների զարգացմանը,
- ծրագրել և իրականացնել դպրոցական մակարդակով միջոցառումներ՝ թեմատիկ և կրթական նպատակներով։
Դասընթացում կիրառված ինտերակտիվ մեթոդներն ու փորձառական ուսուցման մոտեցումները նպաստեցին ուսուցիչների ներգրավվածության բարձրացմանը։
Վերապատրաստման արդյունքները փաստեցին, որ ուսուցիչները ոչ միայն բարելավեցին իրենց գիտելիքները թվային քաղաքացիության ոլորտում, այլև ստացան գործիքներ՝ դրանք արդյունավետորեն փոխանցելու իրենց սովորողներին։ Այս գործընթացը կարևոր քայլ է դպրոցի և հանրային կրթական համակարգում թվային քաղաքացիության զարգացման ուղղությամբ՝ նպաստելով սովորողների գիտակից, պատասխանատու և ակտիվ մասնակցությանը թվային հասարակությունում:
Դասընթացը մշակել և վարել է ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրեր բաժնի ՀՊՉ մասնագետ Ռուզան Կոստանյանը։






Comments
Post a Comment