Նոյեմբերի 11-12-ին «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և հիմնադրամի աշխատակիցներն իրականացրին հերթական մշտադիտարկումները Կապանի հանրակրթական ուսումնական հաստատություններում։
Մշտադիտարկումների հիմնական նպատակն էր գնահատել, թե ինչպես են հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությունների կողմից իրականացված վերապատրաստումների արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կիրառվում դասավանդման ընթացքում։
Մշտադիտարկումների շրջանակում այցելություններ կատարվեցին Կապանի թիվ 1 և թիվ 7 հանրակրթական դպրոցներ։ Ժաննա Հարությունյանը հանդիպեց ուսուցիչների և դպրոցների վարչական կազմի հետ՝ քննարկելով ուսուցիչների կողմից բարձրացված մի շարք մասնագիտական և ոլորտային հարցեր։
Քննարկումների ընթացքում շեշտադրվեց ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման կարևորությունը՝ որպես կրթության որակի բարձրացման առանցքային գործոն։
ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Նարինե Սիրականյանը դասալսումների արդյունքները ամփոփելուց հետո ներկայացրեց ԿԳՄՍ նախարարության և ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք միտված են ուսուցիչների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը։ Նա անդրադարձավ նաև ուսուցիչների տարակարգի շնորհման, «Տարվա լավագույնները» մրցույթի ընթացակարգերին և հիմնադրամի ու մենթոր դպրոցների կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացների կարևորությանը։
Հանրակրթական պետական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետ Կարինե Հարությունյանը ուսուցիչներին տրամադրեց խորհրդատվություն նախագծային աշխատանքների թեմաների ընտրության և արդյունավետ իրականացման վերաբերյալ՝ ընդգծելով նախագծային ուսուցման դերը սովորողների քննադատական մտածողության զարգացման գործում։
Ուսուցիչները իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ԿԶՆԱԿ հիմնադրամին՝ մշտական աջակցման, բաց և կառուցողական խորհրդատվությունների, ինչպես նաև ուսումնական գործընթացի բարելավմանը միտված պարբերական հանդիպումների համար։ Նման ձևաչափի մշտադիտարկումները կնպաստեն կրթության որակի շարունակական բարձրացմանը և ուսուցիչների մասնագիտական աճին։
ԿԶՆԱԿ հիմնադրամ
Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին
Comments
Post a Comment