Ուսուցիչների մասնագիտական զարգացում և կլիմայական կրթություն. ԿԶՆԱԿ հիմնադրամի փորձը միջազգային հարթակում

Ս/թ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի մասնագետ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կլիմայի փոփոխության փորձագետ Սիրինե Կոսյանը մասնակցել է Թաիլանդի Թագավորությունում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կլիմայական կրթություն՝ կայուն զարգացման նպատակների և կլիմայական գործողությունների առաջմղման համար» («Կլիմայական արկղիկ») ծրագրի շրջանակում կազմակերպված հետևյալ միջազգային միջոցառումներին՝ 

  • Ուսուցիչների IV միջազգային համաժողով, 
  • Դպրոցականների III միջազգային փառատոն, 
  • II միջազգային կլիմայական դպրոց։ 

Միջոցառումները համախմբել էին ավելի քան 120 մասնակից 11 երկրներից, որոնք ժամանել էին՝ փոխանակվելու փորձով, ներկայացնելու կլիմայական գործողությունների ոլորտում կիրառվող լավագույն նախաձեռնությունները և նպաստելու կլիմայական կրթության զարգացմանը։ 

Փառատոնին մասնակցում էին «Կլիմայական արկղիկ» միջազգային մրցույթի շրջանակում յուրաքանչյուր մասնակցող երկրից ներկայացված երեք հաղթող նախագծերի հեղինակներն ու նրանց ղեկավար ուսուցիչները, ինչպես նաև «Կլիմայի փոփոխության թեմայով ուսումնաօժանդակ նյութերի պատրաստում» ուսուցչական մրցույթի հաղթողները։ 

Ուսուցիչների IV միջազգային համաժողովը կարևոր հարթակ հանդիսացավ ուսուցիչների մասնագիտական զարգացման համար։ Համաժողովի ընթացքում մանկավարժները հնարավորություն ունեցան խորացնելու իրենց մասնագիտական կարողությունները, ընդլայնելու գիտելիքները կլիմայական կրթության ժամանակակից մոտեցումների վերաբերյալ, ինչպես նաև ծանոթանալու միջազգային լավագույն փորձին։ Քննարկվեցին հանրակրթական ծրագրերում կլիմայի փոփոխության թեմատիկ նյութերի արդյունավետ ինտեգրմանն առնչվող արդիական խնդիրներն ու առկա դժվարությունները։ 

Մասնակիցները կիսվեցին նորարարական մանկավարժական մեթոդների կիրառման արժեքավոր փորձով, վերհանեցին ոլորտում առկա բնորոշ խոչընդոտները և ընդգծեցին ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման շրջանակում նոր կրթական ռեսուրսների մշակման անհրաժեշտությունը՝ աճող սերնդին գլոբալ կլիմայական ճգնաժամի մարտահրավերներին դիմագրավելու համար որակյալ և համակարգված պատրաստություն ապահովելու նպատակով։ 

Կլիմայի փոփոխության համատեքստում ապագային նվիրված պանելային քննարկումների ընթացքում դպրոցականները ներկայացրին իրենց նախագծային աշխատանքների մանրամասները, բացահայտեցին տարբեր երկրներում կլիմայական ազդեցությունների նմանություններն ու ընդհանրությունները, ինչպես նաև քննարկեցին համագործակցության և սիներգիայի հնարավոր ուղիները՝ նախաձեռնությունների ընդլայնման, մասշտաբավորման և երիտասարդների կլիմայական գործողություններին ակտիվ ներգրավվածության ապահովման նպատակով։ 

Դպրոցականների համար ամենահետաքրքիր և արդիական միջոցառումներից մեկը դարձավ «Կլիմայական գործողությունների պլան» մրցույթը, որի ընթացքում մասնակիցները կանգնեցին բարդ և բազմաշերտ խնդրի առաջ՝ առաջարկելու իրենց երկրի մայրաքաղաքի նոր տեղակայումը։ Նրանք իրականացրին գործող կլիմայական խնդիրների համակողմանի վերլուծություն, հիմնավորեցին նոր վայրում տնտեսական զարգացման հստակ ռազմավարություն և ներկայացրին, թե ինչպես մայրաքաղաքի տեղափոխումը կարող է նպաստել ազգային կլիմայական ռիսկերի նվազեցմանը և երկրի ընդհանուր կայունության բարձրացմանը։ 

Երիտասարդ մասնակիցների կողմից ցուցաբերած ստեղծագործական մոտեցումն ու քննադատական մտածողությունը տպավորիչ էին։ 

Փառատոնի ավարտին տեղի ունեցավ բոլոր մասնակիցների պարգևատրման արարողություն, ինչպես նաև ծրագրի շրջանակում կազմակերպված միջազգային առցանց գիտելիքների մրցույթի հաղթողների։ Պարգևատրվեցին ՀՀ մասնակից դպրոցներից երեք սովորողներ։ 

ԿԶՆԱԿ հիմնադրամ 

Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին 




 

Comments