«Անվտանգ և ապահով մանկապարտեզ» խորագրով աշխատաժողով մարզային և հանրապետական փուլեր


 Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ կազմակերպվեց «Անվտանգ և ապահով մանկապարտեզ» խորագրով աշխատաժողովը։     

«Անտանգ և ապահով մանկապարտեզ» խորագրով աշխատաժողովի ուղերձը բոլոր  շահառուներին հասանելի դարձնելու նպատակով այն իրականացվեց երկու փուլով: Մարզային փուլը կայացավ  նոյեմբերի 28-ին՝ ժամը 11.00-16.00-ին:  Մարզային փուլի անցկացման պատասխանատու  հանդիսանում էին Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ներդրման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված մենթոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները: Մարզային փուլին ներկայացվել է շուրջ 200 զեկույց: 

Մարզային փուլին մասնակից են եղել ընդհանուր թվով 1742 մանկավարժական աշխատող։ 

Դեկտեմբերի 12-ին կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ Երևանի պետական համալսարանում մեկնարկեց «Անվտանգ և ապահով մանկապարտեզ» խորագրով աշխատաժողովի հանրապետական փուլը։ Աշխատաժողովը կազմակերպվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։ 

 Աշխատաժողովի նպատակն էր` նախադպրոցական կրթության ոլորտի պատասխանատուներին հաղորդակից դարձնել տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց լուծումներին ուղղված քայլերին, ինչպես նաև՝ ժամանակակից մանկավարժական մոտեցումներին:  

Ողջույնի խոսքով է հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը։ 

Աշխատաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում, որը վարել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ 

Պանելային քննարկմանը մասնակցել է ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, նա կարևորել է նախադպրոցական տարիքը անձի ձևավորման և զարգացման գործում։  

        Հաջորդիվ, չորս տարբեր աշխատարաններում խոսնակները ներկայացրին ինչպես մեդիա կրթության կազմակերպման առանձնահատկությունները նախադպրոցական տարիքում, այնպես էլ ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված թեմաներ, անդրադարձ կատարվեց նախադպրոցական ուսումնական հաստատություններում անվտանգ և ապահով ֆիզիկական միջավայր ստեղծելուն և ապահովելուն, ՆՈՒՀ-երում սննդի կազմակերպմանն ու սանիտարական նորմերի պահպանմանը, մանկական հիվանդություններին և բռնությունից զերծ միջավայրին։ Մասնակիցները ներգրավվեցին տարաբնույթ գործնական աշխատանքներում: Նրանք հնարավորություն ունեցան բարձրաձայնելու և ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները։  

            Աշխատաժողովին ներկա էին մասնակիցներ ՀՀ բոլոր մարզերից:  

Խոսնակների ընտրությունը կատարվել է ԿԳՄՍ նախարարության կողմից:  Խոսնակների թվում, բացի տարբեր կառույցների ներկայացուցիչներից, կային նաև ՆՈՒՀ-երի տնօրեններ, մեթոդիստներ և դաստիարակներ: 

























 

Comments