Համատեղ քայլ դեպի գիտակցված և անվտանգ թվային միջավայր
Դեկտեմբերի 25-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանի Ալ․ Բլոկի անավան N122 հիմնական դպրոցում կայացավ «Թվային քաղաքացիական կրթություն» ուսուցչաաշակերտական աշխատաժողովը, որը համախմբեց կրթական ոլորտի պատասխանատուներին, փորձագետներին, դպրոցների ղեկավարներին, ուսուցիչներին և սովորողներին մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ ձևավորել գիտակից, պատասխանատու և անվտանգ թվային քաղաքացի։
Աշխատաժողովը մեկնարկեց ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանի ողջույնի խոսքով։ Ժաննա Հարությունյանը Եվրոպայի խորհրդի կողմից «2025 թվականը Թվային քաղաքացիական կրթության տարի» հռչակելու համատեքստում անդրադարձավ ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից կատարված մեծածավալ աշխատանքներին՝ մենթորների վերապատրաստում, ՀՀ բոլոր մարզերի շուրջ 6000 ուսուցիչների վերապատրաստում և թվային քաղաքացիական կրթության տարածման ուղղությամբ կատարված քայլերին։ Ուղերձում շեշտվեց թվային քաղաքացիական կրթության կարևորությունը որպես ժամանակակից հանրակրթության անբաժանելի մաս։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Եվրոպայի խորհրդում «Թվային քաղաքացիական կրթություն» ծրագրի հայաստանյան խթանող Լիլիթ Մկրտչյանը՝ շեշտելով Հայաստանի ձեռքբերումներն այս ուղղությամբ։
Ողջույնի խոսքին հաջորդեց «Կրտսեր թվային քաղաքացիներ» նախաձեռնությունը, որը նպատակ ունի փոքր տարիքից ձևավորել թվային գրագիտություն, անվտանգ վարքագիծ և էթիկական մոտեցումներ առցանց միջավայրում։ Տարբեր զբաղվածությամբ կրտեսեր թվային քաղաքացիներ կիսվեցին իրենց օրինակելի թվային կերպարով և իրենց կատարումներով ապահովեցին միջոցառման գեղարվեստական հատվածը։
Աշխատաժողովի առանցքային հատվածներից էր պանելային քննարկումը, որին մասնակցեցին ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, թվային մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, դպրոցի տնօրեն Օլյա Սաղաթելյանը, «Թվային քաղաքացիական կրթություն» դասընթացի մենթոր Նառա Չախոյանը և Երևանի Մուշեղ Մխոյանի անվան համար 68 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի սովորող Ալեք Մանվելյանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց դպրոցներում առկա թվային մարտահրավերներին, ուսուցչի դերակատարությանը, գործիքներին և սովորողի ձայնի կարևորությանը։
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի ՀՊՉ մասնագետ Ռուզան Կոստանյանը՝ կարևորելով այս աշխատաժողովում «Թվային քաղաքացիական կրթություն» դասընթացի 50 մենթորի անխոնջ ներդրումը։
Աշխատաժողովի երկրորդ հատվածը նվիրված էր գործնական աշխատարաններին, որտեղ ուսուցիչներն ու սովորողները համատեղ ներկայացրեցին իրենց աշխատանքները՝ ընդգրկելով թեմաներ, որոնք վերաբերում էին թվային ազատության դրական և բացասական կողմերին, թվային էթիկային և պատասխանատվությանը, առցանց անվտանգությանն ու գաղտնիությանը, թվային իրավունքներին ու բարեկեցությանը, խելացի և գիտակից օգտատիրոջը։ Ընդհանուր առմամբ առանձնացվեց 5 աշխատարան, որոնցում ներկայացվեց շուրջ 30 թեմատիկ զեկուցում, կենդանի քննարկումներ և փորձի փոխանակում։ Բոլոր խոսնակներին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանի կողմից հավստագրեր տրվեցին։ Աշխատաժողովը ևս մեկ անգամ հաստատեց, որ թվային քաղաքացիական կրթությունը պահանջում է համակարգային մոտեցում, որտեղ պետությունը, դպրոցը, ուսուցիչը, ծնողը և սովորողը հանդես են գալիս որպես մեկ թիմ։
ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակելու է աջակցել նման նախաձեռնություններին՝ նպաստելով հանրակրթության ոլորտում թվային քաղաքացիական կրթության կայուն զարգացմանը։
Թվային միջավայրը մեր իրականությունն է, իսկ գիտակից թվային քաղաքացին՝ մեր ապագան։
.png)
.jpg)
Comments
Post a Comment