«ԱՆՎՏԱՆԳ և ԱՊԱՀՈՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Սույն թվականի նոյեմբերի 28-ին  ՀՀ ԿԳՄՍ նախարարւթյան նախաձեռնությամբ ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից կազմակերպվեց «Անվտանգ և ապահով մանկապարտեզ» խորագրով ամենամյա աշխատաժողովի մարզային փուլը: Նման լայնամաշտաբ միջոցառում կազմակերպվում է արդեն երրորդ տարին անընդմեջ: 

Աշխատաժողովի մարզային փուլը կազմակերպվեց բոլոր մարզերի և Երևան քաղաքի մենթոր ՆՈՒՀ-երում: 

Աշխատաժողովին տարբեր մարզերում և ՆՈՒՀ-երում ներկա էին ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ  Թամարա Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական կրթության ոլորտը համակարգող մասնագետ Թեհմինե Կարախանյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետ Անահիտ Վիրաբյանը: 

Վերջիններս ողջունել են ներկաներին և կարևորել նախադպրոցական կրթությունը անձի ամբողջական զարգացման գործում: 

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Նարինե Սիրականյանը ներկա են գտնվել Գյումրի համայնքի ՆՈՒՀ-երի աշխատաժողովին։ Ժ․ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և ՆՈՒՀ-երին նվիրել է գրքեր՝ սաների մանկական գրադարանը հարստացնելու նպատակով: 

Միջոցառումն ուներ 4 ուղղություն.  

  • Անվտանգ և ապահով կրթական միջավայր. 
  • Անվտանգ և ապահով ֆիզիկական միջավայր. 
  • Անվտանգ և առողջ միջավայր. 
  • Բռնությունից զերծ միջավայր: 

Վերոնշյալ  ուղղություններով ներկայացվեց 200-ից ավելի զեկույց: Խոսնակները ՆՈՒՀ-երի մանկավարժական աշխատողներ, ինչպես նաև տարբեր կառույցների՝ ՏՄԱԿ, ՆԳՆ, ԱԻՆ, ներկայացուցիչներ էին:  

Բոլոր պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններից եղել են ներկայացուցիչներ: Այս տարի աշխատաժողովի մարզային փուլին մասնակցել են նաև դպրոցին կից գործող նախակրթարանների դաստիարակները, նաև լիցենզավորված ոչ պետական նախադպրոցական հաստատությունների ներկայացուցիչներ:  

Մենթոր ՆՈՒՀ-երին մեծապես աջակցել են տվյալ համայնքի  պատասխանատուները: 

Քննարկումները եղել են բուռն՝  ակտիվ, կառուցողական մթնոլորտում: Ներկայացված էքսպոն ևս թեմատիկ ուղղվածություն ուներ: 

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին նախատեսվում է աշխատաժողովի հանրապետական փուլը, որը կանցակցվի Երևան քաղաքում: 

 









Comments