Ծաղկաձորում անցկացված արտագնա աշխատանքային ժողովում պլանավորվեցին ԿԶՆԱԿ հիմնադրամի 2026 թվականի անելիքները
2025 թվականի դեկտեմբերի 19-20-ին ԿԶՆԱԿ հիմնադրամը «Ալասկա Ռեզորթ» հյուրանոցային համալիրում (ք. Ծաղկաձոր) անցկացրեց աշխատաժողով՝ նպատակ ունենալով ձևավորել 2026 թվականի գործունեության հիմնական ուղղությունները։
Աշխատաժողովի մեկնարկը տրվեց հիմնադրամի տնօրենի՝ Ժաննա Հարությունյանի բացման խոսքով, ով ընդգծեց ԿԶՆԱԿ-ի դերը հանրակրթության բարեփոխումների իրականացման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և կրթական քաղաքականությունների արդյունավետ ներդրման գործում։
Օրվա ընթացքում ներկայացվեցին հիմնադրամի բոլոր ստորաբաժանումների տարեկան աշխատանքների արդյունքները:
Յուրաքանչյուր ներկայացում ուղեկցվեց կատարողականի վերաբերյալ հարցադրումներով և առցանց քվեարկությամբ, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին ակտիվորեն ներգրավվել քննարկումներին և արտահայտել իրենց մասնագիտական կարծիքները։
Աշխատաժողովի երկրորդ հատվածում անցկացվեցին խմբային քննարկումներ, որոնց ընթացքում յուրաքանչյուր բաժին ներկայացրեց 2026 թվականի աշխատանքային պլանի իր նախագիծը։ Քննարկումների արդյունքում ձևավորվեցին համագործակցային առաջարկներ, առաջնահերթություններ և զարգացման նոր մոտեցումներ։
Երկօրյա աշխատաժողովի երկրորդ օրը նվիրված էր ԿԶՆԱԿ հիմնադրամի և ոլորտում գործընկեր կառույցների միջև համագործակցության ակնկալիքների ձևավորմանը 2026 թվականի համար։ Քննարկվեցին փոխգործակցության նոր հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրագործման ուղիները և ոլորտային մարտահրավերներին համատեղ արձագանքելու մեխանիզմները։
Աշխատաժողովի ավարտին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը հիմնադրամի երեք աշխատակցի պարգևատրեց պատվոգրով՝ երկար տարիների ընթացքում կրթության ոլորտում իրենց ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, նախաձեռնողականության և աշխատանքի նկատմամբ նվիրվածության համար։
Միաժամանակ հիմնադրամի բոլոր աշխատակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր և նվերներ՝ արդյունավետ աշխատանքի, պատասխանատվության և կրթական ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար։
Նման աշխատաժողովը կարևոր հարթակ հանդիսացավ փորձի փոխանակման, ռազմավարական պլանավորման և կրթության որակի շարունակական բարձրացմանն ուղղված համատեղ աշխատանքի համար։
.jpg)
Comments
Post a Comment