2025 թվականի դեկտեմբերի 16-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում ամփոփվեցին «Հայ գրականության ծրագիրը կիրառության մեջ» ծրագրի արդյունքները։ 3 ամիս շարունակ 22 ուսուցիչներ 10-րդ դասարանի թեմաների ինտեգրմամբ դասեր վարեցին հանրապետության ուսուցիչների համար, կիրառեցին նոր գործիքներ, նոր մեթոդներ, ստեղծեցին նոր միջավայր և աշխատեցին քննական մտածողություն ձևավորելու ուղղությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև սեմինարներին մշտապես ներկա ակտիվ ուսուցիչներ։
ԿԶՆԱԿ-ի ջերմ հարկի ներքո բոլոր հավաքվածներին ողջունեց ԿԶՆԱԿ-ի տնօրեն Ժաննա Հարությունյանը, շնորհակալություն հայտնեց ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇՔԵՐԹԻ գաղափարի շուրջ հավաքվածներին, գնահատեց այն մեծ աշխատանքը, որ կատարել էին հանրապետության տարբեր մարզերի նախանձախնդիր, պատրաստակամ, պատասխանատու և ստեղծարար ուսուցիչները։ Կատարած աշխատանքի համար բոլորին հանձնեց հավաստագրեր, անվանական գրիչներ և ամանորյա նվերներ։
Տնօրենը հատուկ շնորհակալություն հայտնեց և պարգևատրեց նաև ՀՊՉ և ՈՒԾ բաժնի պետ Գայանե Մկրտչյանին՝ ծրագրի աշխատանքները նախաձեռնելու և իրականացնելու համար։
Ժ․ Հարությունյանի խոսքով՝ Գայանե Մկրտչյանը սիրով և ջանասիրաբար է իրականացրել ողջ գործընթացը, ստեղծել ջերմ ու ստեղծարար միջավայր, որտեղ բոլորը նայում են նույն ուղղությամբ, խոսում գրականության և արվեստի լեզվով։
Ուսուցիչները խոսեցին սեմինարի անցկացման ձևաչափի, ինտեգրված դասերի կարևորության, դասանյութը նոր գործիքների կիրառմամբ անցկացնելու մասին, փոքրիկ տեսանյութով վերհիշեցին եռամսյա դասընթացները, հուշեր պատմեցին, կիսվեցին տպավորություններով, հնչեցրին առաջարկներ։
Տնօրենը հավաստիացրեց, որ ծրագիրը կունենա շարունակություն։
Ծրագրի ամփոփումը հաստատեց, որ ոգևորված և ոգևորող ուսուցիչն է արժեքահեն կրթության դեմքը։

Comments
Post a Comment