«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը և «Լոնդոն Այ միջազգային ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր
Օրերս «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և «Լոնդոն Այ միջազգային ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Քոչարյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Հուշագրի նպատակն է աջակցել ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին, խթանել փոխադարձ հետաքրքրվածության հիման վրա համագործակցության զարգացումը, ապահովել մասնագիտական փորձի փոխանակում և նպաստել կրթության որակի բարձրացմանը։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է՝
- կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական նյութերի շուրջ փորձի և գաղափարների փոխանակում,
- համատեղ կրթական միջոցառումների իրականացում,
- օտար լեզուների ուսուցման ժամանակակից միջազգային մեթոդների ներկայացում և տարածում,
- ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված սեմինարների, վերապատրաստումների և վարպետության դասերի կազմակերպում։
Հանդիպման ընթացքում հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը ընդգծեց, որ երկու կառույցների առաջատար մասնագետների և փորձագետների ներգրավմամբ համագործակցությունը կնպաստի հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը։
Հուշագրի ստորագրումը կողմերի կողմից հանդիսանում է փոխըմբռնման և արդյունավետ համագործակցության պատրաստակամության հաստատում։
.jpg)
Comments
Post a Comment