ԿԶՆԱԿ հիմնադրամը էսսեի ներդրման ուղղությամբ թևակոխել է նոր փուլ։ Այսօրվանից սկսած բոլոր վարչական շրջաններում կիրականացվեն էսսագրության փորձնական քննություններ և գործնական աշխատանքներ ուսուցիչների համար: Առաջին փորձնական քննությունը կազմակերպվեց Հ․ Կոջոյանի անվան դպրոցում։ Կոջոյանի անվան դպրոցում հավաքվեցին բոլոր շահագրգիռ կողմերը` գրականության, պատմության ուսուցիչներ, տնօրեններ, տնօրենի տեղակալներ:
Առավոտյան 9-ից սկսվեց փորձնական քննությունը։ Դահլիճում սովորողներին տրամադրվեցին էսսեի տեքստերը, ԿԶՆԱԿԻ ՀՊՉ և ԱԾ բաժնի պետ, մ․ գ․ թ․ Գայանե Մկրտչյանը նրանց բացատրեց, թե ինչ քայլաշարով պիտի գրեն էսսեն, և գրատախտակին գրվեց կարգով սահմանված ժամաքանակը՝ 150 րոպե։
Սահմանված ժամանակահատվածում սովորողները ավարտեցին և հանձնեցին աշխատանքները։ Քննությունը վերահսկում էին ոչ մասնագետ ուսուցիչները ամենայն զգոնությամբ։
Մինչ սովորողները իրենց էսսեն էին գրում, վարչական շրջանի ուսուցիչները, հավաքված մի դասասենյակում, իրենք էին սովորում գրել էսսե հատված առ հատված։ Ամեն հատվածից հետո ընթերցում էին իրենց գրածները, համատեղ քննարկում, ստանում ուղղորդումներ, շտկում իրենց գրածները, գալիս ընդհանուր համաձայնության և շարունակում՝ մինչև ամբողջական, ինտեգրված էսսե ստանալը։
36 ուսուցիչներ այսօր սովորեցին գրել էսսե, լսեցին իրենց գործընկերների գրածները, գնահատեցին՝ ինչն էր հաջողված, ինչը դեռ բարելավման կարիք ունի։ Ոչ մեկը չէր թերագհանատում մյուսին, բոլորը նույն կարիքն ունեին՝ հասկանալ, թե ինչպես պիտի սովորեցնեն իրենց աշակերտներին հաջող էսսե գրել։ Սովորելով կսովորեցնեն, իսկ դա մնայուն ձեռքբերում է։
Ժամը 13։30 սկսվեց գրավորների ստուգումը։ Գ․ Մկրտչյանը բարձրաձայն ստուգեց երկու գրավոր՝ ըստ սահմանված չափանիշների, որից հետո բաժանվեցին տետրերը, և զույգերով նստած պատմության և գրականության ուսուցիչները սկսեցին ստուգել՝ յուրաքանչյուրը իր առարկայի չափանիշներով։ Քննարկումներով ավելի ու ավելի պարզ դարձավ ստուգման գործընթացը։
Փորձնական քննությունը կայացավ, այն օգտակար էր բոլոր կողմերի համար․ սովորողները, ստանալով իրենց ստուգված գրավորները, կհասկանան․ թե ինչի վրա պիտի աշխատեն, ինչից գոհանան, ուսուցիչները գործնական աշխատանքի շնորհիվ հասկացան, որ այսուհետև այլևս չունեն նախկին մտահոգությունները, ԿԶՆԱԿ-ը համոզվեց, որ այս ճանապարհը ամենակարճն է էսսեի ներդրման ընթացքում։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հ․ Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանին աշխատանքների կազմակերպման, դպրոցներին հյուրընկալելու համար։
Գործընթացը շարունակական է։
Comments
Post a Comment