«Գիրքն իմ կյանքում» խորագրով պանելային քննարկում ԿԶՆԱԿ հիմնադրամում

 Փետրվարի 19-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում Գրքի տոնը նշվեց յուրօրինակ ձևով։ Կազմակերպված «Գիրքն իմ կյանքում» պանելային քննարկմանը մասնակցում էին դպրոցի հանրակրթական դպրոցների և ՆՈՒՀ-երի տնօրեններ, դաստիարակներ և մանկավարժներ, հոգեբան, գրող, ուսուցիչ, գրադարանավար, ծնող, հրատարակիչ, հիմնական և ավագ դպրոցի աշակերտներ, ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցներ։ Քննարկումը վարեց հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը։ Նա  նշեց,  որ գիրքն ու ընթերցանությունը կրթության և մշակույթի կարևորագույն հիմքն են,  նպաստում են անձի ձևավորման, արժեքային համակարգի կայացման և գիտելիքի շարունակական զարգացման գործում։ 

 «Զանգակ»  հրատարակչության հիմնադիր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը շատ հիմնավոր ներկայացրեց ժամանակի ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք ստիպում են յուրաքանչյուրին իր ոլորտում վերանայելու  իր աշխատաոճը։  

Քննարկմանը յուրահատուկ գույն տվեցին աշակերտները, որոնց բարձրացրած խնդիրները մտորելու և բաց ու անկեղծ, անմիջական զրույցի առիթ հանդիսացան։ 

Ժաննա Հարությունյանի բարձրաձայնած հարցերին ներկաներից յուրաքանչյուրը պատասխանեց իր ոլորտի տեսանկյունից, և հրաշալի հնարավորություն տրվեց քարտեզագրելու և՛ խնդիրները, և՛ հպարտության արժանի իրողությունները։ 

Հանդիպման ավարտին Ժաննա Հարությունյանը բոլոր ներկաներին գրքեր նվիրեց և պայմանավորվեցին, որ որոշ ժամանակ անց նվեր ստացած գրքի քննարկումը կկազմակերպվի դպրոցականների հետ։ 

Հանդիպումը անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ գիրքը շարունակում է մնալ գիտելիքի, մտքի ազատության և արժեքների փոխանցման անփոխարինելի աղբյուր։ 

ԿԶՆԱԿ հիմնադրամը կարևորում է նման նախաձեռնությունները՝ նպաստելով ընթերցանության մշակույթի զարգացմանը և կրթական համագործակցության ամրապնդմանը։ 



Comments