«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամում կայացավ աշխատանքային հանդիպում՝ նվիրված մենթորական ծրագրի շրջանակում նոր ընթացակարգերի մշակմանը։ Նախաձեռնությունը կյանքի կոչվեց հիմնադրամի Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի կողմից։
Հանդիպմանը մասնակցեցին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, մենթոր դպրոցների տնօրեններ, մենթորներ և ուսուցիչներ։ Ստեղծված աշխատանքային խումբը նպատակ ունի հստակեցնել և բարելավել ծրագրի իրականացման մեխանիզմները՝ ապահովելով դրա արդյունավետությունն ու շարունակական զարգացումը։
Իր խոսքում ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը կարևորեց մենթոր դպրոցների հետ իրականացվող համատեղ աշխատանքը՝ ընդգծելով նախորդ տարիների փորձը և դրա ընթացքում արձանագրված արդյունքները։ Նրա խոսքով՝ մենթորական ծրագրի աշխատանքային թիմի հետևողական գործունեության շնորհիվ պարբերաբար վեր են հանվել ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած հարցերն ու խնդիրները, որոնք փուլ առ փուլ լուծումներ են ստանալու՝ նպաստելով համակարգային բարելավումներին։
Նա հատկապես կարևորեց դասընթացավար-մենթորի ընտրության մեխանիզմների կատարելագործումը՝ այն դիտարկելով որպես կրթության որակի շարունակական բարձրացման կարևոր նախապայման։
Հանդիպման ընթացքում քննարկվեց մշակված ընթացակարգերի նախագծերը, որոնք ներդրվելուց հետո կնպաստեն մենթորական ծրագրի առավել արդյունավետ և թափանցիկ իրականացմանը։
Աշխատանքային հանդիպման ավարտին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը շնորհակալագրեր հանձնեց աշխատանքային խմբի անդամներին՝ գնահատելով նրանց ներդրումն ու պատասխանատու աշխատանքը։
Մենթորական ծրագրի զարգացման այս նոր փուլը ևս մեկ քայլ է դեպի կրթության որակի ամրապնդում և ուսուցիչների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում։
Comments
Post a Comment