
Այսօր Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի (ԿԶՆԱԿ) տնօրեն Ժաննա Հարությունյանը մասնակցել է սովորողների միջազգային գնահատման ծրագրի՝ PISA 2025 միջազգային ստուգատեսի արդյունքների վերաբերյալ ազգային զեկույցի պատրաստման նախընթաց հանդիպում-քննարկմանը։
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, կրթության ոլորտի գործընկեր միջազգային կազմակերպությունների, մարզպետարանների կրթության ստորաբաժանումների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում շեշտադրվել է, որ PISA-ի արդյունքները կարող են ծառայել որպես հիմք կրթական քաղաքականության կատարելագործման, ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերի վերանայման, ինչպես նաև ուսումնական բովանդակության և գնահատման մեխանիզմների արդիականացման համար։ Կարևորվել է հատկապես այն հանգամանքը, որ միջազգային գնահատման հիմնական նպատակը ոչ թե վարկանիշային դիրքերի բարելավումն է, այլ յուրաքանչյուր սովորողի համար դասարանում իրական և շոշափելի փոփոխությունների ապահովումը։
Հայաստանը PISA միջազգային ստուգատեսին մասնակցում է առաջին անգամ։ Այն աշխարհում ուսումնառության գնահատման ամենախոշոր միջազգային ծրագիրն է, որը գնահատում է 15 տարեկան աշակերտների կարողությունները՝ ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտության ոլորտներում՝ իրական կյանքի մարտահրավերներին դիմակայելու համատեքստում։
PISA ստուգատեսն անցկացվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ՝ 2000 թվականից սկսած։ PISA 2025-ը ծրագրի 9-րդ փուլն է, որի արդյունքների ամփոփումը նախատեսված է 2026 թվականի աշնանը։
Comments
Post a Comment