Համագործակցություն հանուն կլիմայական կրթության


 ԿԶՆԱԿ հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցությամբ իրականացվող «Կլիմայական արկղիկ» ծրագիրը, որն ուղղված է ՀՀ հանրակրթական դպրոցներում կլիմայական կրթության զարգացմանը, ամփոփել է իր հերթական կարևոր փուլը։  

Ծրագրի շրջանակում 2025–2026 թթ․ վերապատրաստվել է ընդհանուր առմամբ 1551 ուսուցիչ։ Միայն 2026 թվականին փետրվար-մարտ ամիսներին վերապատրաստումները կազմակերպվել են ինչպես հեռավար, այնպես էլ առկա ձևաչափերով․ հեռավար դասընթացներին մասնակցել է 422 ուսուցիչ, իսկ  առկա վերապատրաստումներին՝ 583 ուսուցիչ, որոնք իրականացվել են յուրաքանչյուր մարզում ընտրված մենթոր դպրոցներում։ 

«Կլիմայական արկղիկ» ծրագիրը հանդիսանում է արդյունավետ կրթական գործիք՝ ուղղված սովորողների կարողունակությունների զարգացմանը։  

Կլիմայական արկղիկը» նպաստում է սովորողների քննադատական մտածողության, համագործակցային և հետազոտական հմտությունների ձևավորմանը, ինչպես նաև խթանում է պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ։ Այն լիովին համահունչ է կարողունակահեն հանրակրթության պետական չափորոշչին և աջակցում է կրթական վերջնարդյունքների արդյունավետ ապահովմանը՝ ձևավորելով գիտակից, ակտիվ և պատասխանատու քաղաքացիներ։ 

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև «Կլիմայական արկղիկների» բաշխումը հանրակրթական դպրոցներում։ Դրանք ներառում են կրթական և գործնական նյութեր, որոնք ուսուցիչներին հնարավորություն են տալիս կազմակերպել առավել կիրառական, հետաքրքիր և մասնակցային ուսուցում՝ խթանելով սովորողների ներգրավվածությունն ու հետաքրքրությունը կլիմայի փոփոխության հիմնախնդրի նկատմամբ։ 

ԿԶՆԱԿ հիմնադրամը և ՄԱԶԾ «Կլիմայական արկղիկ» ծրագրի ղեկավարները հատուկ շնորհակալություն են հայտնում բոլոր մենթոր դպրոցներին արկղիկների բաշխման գործընթացը պատշաճ և համակարգված կազմակերպելու համար։ Առանձնահատուկ երախտագիտություն ենք հայտնում Գյումրի հ. 1 ա/դ, Ախուրյանի ա/դ, Գյումրի հ. 2 ա/դ, Սպիտակի ա/դ, Իջևանի ա/դ, Աշտարակ հ. 5 ա/դ, Աբովյան հ. 4 ա/դ, Գավառի ա/դ, Արմավիր հ. 1 ա/դ, Եղեգնաձորի ա/դ և Կապան հ. 2 ա/դ, ինչպես նաև Երևանի մենթոր դպրոցներին՝ Երևանի թիվ 182 ա/դ, Երևանի թիվ 190 ա/դ, Երևանի թիվ 94 ա/դ, Երևանի թիվ 16 ա/դ, Երևանի Հերացու անվան ա/դ, Երևանի թիվ 65 ա/դ մենթոր դպրոցներին և Երևանի թիվ 97 ավագ դպրոցին՝ առկա վերապատրաստումները բարձր մակարդակով կազմակերպելու համար։ 
 
Ծրագրի ավարտից հետո ակնկալվում է, որ վերապատրաստված ուսուցիչները «Կլիմայական արկղիկը» ակտիվորեն կներառեն իրենց դասավանդման գործընթացում՝ կիրառելով նորարարական և մասնակցային մոտեցումներ։ Սա կօգնի զարգացնել սովորողների հետաքրքրությունը, քննադատական մտածողությունն ու հետազոտական հմտությունները, ինչպես նաև ձևավորել պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ։ 

Կլիմայական կրթությունը ժամանակակից կրթական համակարգի առանցքային ուղղություններից է, և «Կլիմայական արկղիկ» ծրագիրը կարևոր քայլ է այդ ճանապարհին՝ նպաստելով առավել գիտակից և պատասխանատու հասարակության ձևավորմանը։  

Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին 


























Comments