Մարտի 13-ին Երևանում անցկացվեց «Ապատեղեկատվության դեմ պայքար կրթության միջոցով․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով ֆորումը, որի նպատակն էր քննարկել ապատեղեկատվության տարածման վտանգները և կրթության միջոցով դրանց հակազդման արդյունավետ մեխանիզմները։
Միջոցառումը կազմակերպվել էր «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի և «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» հասարակական կազմակերպության համագործակցությամբ։ Ֆորումը նաև ամփոփում էր «Ապատեղեկատվության դեմ պայքար․ ինքնության հիմքով ձևավորված կարծրատիպեր» թեմայով դասընթացը, որը կազմակերպվել և իրականացվել էր ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին դասընթացի շրջանակում իրականացված աշխատանքները, ծրագրի ձեռքբերումներն ու ազդեցությունը, ինչպես նաև քննարկվեցին կրթական ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավոր լուծումները։
Ֆորումի շրջանակում անցկացվեց պանելային քննարկում, որին մասնակցում էին դասընթացի վերապատրաստող, ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Նարինե Սիրականյանը, ինչպես նաև վերապատրաստում անցած մենթորներ և ուսուցիչներ Երևանի և ՀՀ տարբեր մարզերի դպրոցներից։ Քննարկման ընթացքում նրանք ներկայացրին դասընթացի կիրառման արդյունքները դպրոցներում, կիսվեցին փորձով, անդրադարձան առաջացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման հնարավոր լուծումներին։
Ֆորումը դարձավ կարևոր հարթակ կրթության ոլորտի մասնագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ուսուցիչների միջև փորձի փոխանակման և համագործակցության զարգացման համար՝ նպաստելով մեդիագրագիտության տարածմանը և ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը կրթական միջավայրում։
Comments
Post a Comment