ԿԶՆԱԿ հիմնադրամում քննարկվել են կլիմայական կրթության զարգացման նոր հնարավորությունները


Այսօր «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կլիմայական արկղիկ» ծրագրի տեղական ղեկավար կազմի և միջազգային  գնահատող փորձագետ Ռաուլ Գեռերոյի,ծրագրի տարածաշրջանային  ղեկավար Պետրա Վալաստինովայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական գործընթացում կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև ծրագրի հետագա զարգացման հնարավորությունները։ 

Կողմերը անդրադարձել են  ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ արված համատեղ աշխատանքներին՝ ընդգծելով, որ կազմակերպվել և հաջողությամբ իրականացվել են առցանց և առկա վերապատրաստումներ Երևան քաղաքի և ՀՀ բոլոր մարզերի ուսուցիչների համար, որոնք ուղղված են եղել դպրոցներում կլիմայական կրթության արդյունավետ կազմակերպմանը։ Վերապատրաստումների արդյունքում ուսուցիչները ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ և գործիքներ՝ թեման ուսումնական գործընթացում ներառելու համար։ 

Նշվել է նաև, որ ծրագրի շրջանակում մի շարք դպրոցների տրամադրվել են «Կլիմայական արկղիկ»-ի փաթեթները, որոնք ներառում են կրթական նյութեր և գործիքակազմ։ Դրանք նպատակ ունեն խթանել սովորողների հետաքրքրությունը կլիմայի փոփոխության նկատմամբ և նպաստել կիրառական գիտելիքների ձևավորմանը։ 

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանն իր խոսքում կարևորել է համագործակցության շարունակականությունը՝ ընդգծելով բնապահպանական կրթության առանցքային դերը ժամանակակից կրթական համակարգում՝ նշելով, որ այն արդյունավետ գործիք է՝ ուղղված սովորողների կարողունակությունների զարգացմանը և նպաստում է նրանց մոտ ձևավորելու քննադատական մտածողություն, համագործակցային հմտություններ և պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ։  Տնօրենի խոսքով՝ ծրագրի  շրջանակում վերապատրաստվել է 1551 ուսուցիչ։ 



Comments