Երևանի Րաֆֆու անվան հ. 36 դպրոցում մարտի 19-ին կայացավ «Ճանաչիր հողդ, որ ուժը զգաս» խորագրով միջոցառումը, որին հրավիրված էին նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և մասնագետներ:
Խորհրդանշական վերնագրով միջոցառման շրջանակում պտտվեց ժամանակի անիվը, վերակենդանացան հայոց արքաներն ու թագուհիները, հանդիսատեսը անցավ պատմության քառուղիներով, և դպրոցական սովորական միջոցառումը վերածվեց իսկական պատմական ճամփորդության:
Պատմության ուսուցիչ Արտակ Հակոբյանին հաջողվել էր միջոցառման խորության, բարձրաճաշակ մոտեցումների, կազմակերպվածության շնորհիվ ապահովել ներկաների հանդիպումը հայոց պատմության փառահեղ ու յուրօրինակ կանանց հետ՝ Սաթենիկից մինչև Փառանձեմ, Կլեոպատրայից մինչև Աշխեն ու Զաբել: Յուրաքանչյուր կերպարի միջոցով աշակերտները կարողացան փոխանցել այն կարևոր գաղափարը, որ հայոց թագուհիները ոչ միայն գահակիցներ էին, այլև պետականության սյուներ ու ազգային արժեքների պահապաններ։ «Նրանք բոլորը տարբեր ճակատագրեր ունեին, բայց ունեին մեկ սիրտ, որ բաբախում էր հանուն Հայաստանի»։ Այս խոսքերը դարձան միջոցառման առանցքը՝ հիշեցնելով, որ հայրենասիրությունը սկսվում է ընտանիքից, ներարկվում է մոր կաթի միջոցով, ամրանում է կրթությամբ և գործով:
Միջոցառումը հագեցած էր ոչ միայն պատմական փաստերով, այլև երգերի ու պարերի գեղեցիկ կատարումներով, որոնք լրացրին թագավորների ու թագուհիների կերպարները՝ հանդիսատեսին հաղորդելով այն նույն ուժը, որի մասին հուշում էր խորագիրը։
Առանձնահատուկ տպավորիչ էին ապագա սերունդներին ուղղված պատգամ-խորհուրդները։ Դրանք պարզապես խոսքեր չէին, այլ դարերի խորքից եկած հրամայականներ՝ ուղղված այսօրվա աշակերտին՝ ճանաչել սեփական արմատները, սիրել հողը և տեր կանգնել սեփական ժառանգությանը։
Comments
Post a Comment