Մարտի 22-26-ը ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ միասին Էստոնիայում մասնակցել են «Ապագայի դպրոց» ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստման և փորձի փոխանակման դասընթացին։
Ծրագիրն իրականացվել է Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնի (ESTDEV), Էստոնիայի Կրթական գիտությունների ինստիտուտի և Տալլինի համալսարանի հետ համատեղ՝ նպատակ ունենալով զարգացնել կրթական առաջնորդության, ժամանակակից մանկավարժական մոտեցումների և դպրոցների կառավարման արդյունավետության կարողությունները։
Դասընթացի շրջանակներում մասնակիցները այցելել են էստոնական դպրոցներ՝ տեղում ծանոթանալով կրթության կազմակերպման առաջավոր փորձին, ուսումնասիրել են դպրոցական թիմերի արդյունավետ համագործակցության մոդելներ, իրականացվել են քննարկումներ և գործնական աշխատանքներ։
Ծրագիրը մշակվել է Տալլինի համալսարանի կողմից և ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ՝ ապահովելով ձեռք բերված գիտելիքների տեղայնացումն ու կիրառումը Հայաստանի դպրոցներում։
Այցի ընթացքում մեր մասնակիցները այցելել են Տալլինի «Մաշտոց» կիրակնօրյա դպրոց, ծանոթացել դպրոց այցելող հայ երեխաների և ուսուցիչների հետ։
Վերապատրաստման արդյունքում մասնակիցները ոչ միայն ընդլայնել են իրենց մասնագիտական գիտելիքները, այլև ձեռք են բերել գործնական հմտություններ, որոնք կնպաստեն հանրակրթության պետական նոր չափորոշչի արդյունավետ ներդրմանը և կրթական համակարգում կայուն բարեփոխումների իրականացմանը։
Comments
Post a Comment