ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակում է հետևողական աշխատանքը ուսուցիչների հետ՝ սովորողների ընթերցողական կարողությունները զարգացնելու նպատակով: Ընթերցանությունը միայն ճիշտ և սահուն կարդալը չէ։ Եթե սովորողը սահուն կարդում է, բայց չի հասկանում կարդացածը, ապա ընթերցանությունը չի ծառայում նպատակին։ 10 տարեկան հասակը (4-րդ դասարան) շրջադարձային է մի շարք հմտությունների ավտոմատացման, այդ թվում՝ հասկանալով և արագ կարդալու հմտությունը զարգացնելու համար:
Այս փուլում ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցներից ձևավորված խումբն աշխատում է այն 40 դպրոցների հետ, որտեղ 2024 և 2025 թվականներին Կրթության տեսչական մարմինն իրականացրել է ընթերցողական կարողությունների ստուգում:
Աշխատանքային խմբի կողմից մշակվել է մեթոդաբանություն՝ հիմնված ընթերցանության միջազգային PIRLS ստուգատեսի պահանջների վրա, ինչպես նաև սովորողների լուռ կարդալու կարողությունը ստուգելու համար նախատեսված սանդղակաշարեր, դասերի դիտարկման ձևաթերթեր և այլն:
Մարտի 25 - 27-ը կայացել են ներածական հանդիպումը բոլոր դպրոցների տնօրենների, տնօրենի տեղակալների, մեթոդմիավորման նախագահների և 4-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների հետ, ինչպես նաև 2-օրյա սեմինարը՝ նվիրված կարդալու որակական հատկանիշների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքին և սովորողներին տրամադրվող տարբերակված մոտեցումներին:
Ծրագրի հաջորդ քայլը դպրոցներ այցելությունն է՝ տեղում ցուցաբերելու մշակված մեթոդաբանությունը արդյունավետ ներդնելու ուղղությամբ անհրաժեշտ օգնությունը:









Comments
Post a Comment