ԴԱՍԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ՝ ԴԱՍԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏԵՐԻՑ ԴՈՒՐՍ

 Նոր չափորոշչի ներդրումը նպաստել է, որ դասը դուրս գա դասասենյակի պատերից, բեմ բարձրանա, իսկ սովորողները հայտնվեն տեսակետների խաչուղիներում և սեփական որոշումներով ելքեր որոնեն։

Երևանի “Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան” հիմնադրամի    Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց ուսումնական նախագծի ամփոփմանը հրավիրված էր ԿԶՆԱԿ-ի տնօրեն Ժաննա Հարությունյանը։ Մարտի 6-ին հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ՀՊՉ և ԱԾ բաժնի պետ Գայանե Մկրտչյանը, բաժնի մասնագետ Կարինե Հարությունյանը, լրատվության համակարգող Տաթևիկ Հարությունյանը ներկա գտնվեցին Նար-Դոսի «Սպանված աղավնին» վիպակի հիման վրա կազմակերպված դատավարությանը, որը բեմադրել էին դիզայն մասնագիտացմամբ սովորող 10-րդ դասարանի աշակերտները։ Բեմադրության և ուսումնական նախագծի ղեկավարը հայոց լեզվի և գրականության տաղանդավոր ուսուցիչ Սիրանուշ Ռշտունին էր։

Դատավարությունը ընդմիջվում էր ներկայացման տեսարաններով, որտեղ սովորողները զարմացնում էին իրենց բեմական ազատությամբ և ինքնավստահ խոսքի դրսևորմամբ։ Միջոցառման ընթացքում հնչած սովորողների ինքնուրույն և ինքնատիպ խոսքը վկայում էր ընթացիկ դասերի որակի մասին՝ ցույց տալով, թե ինչպես են դրանք կազմակերպվում նոր չափորոշչի տրամաբանությամբ՝ զարգացնելով քննադատական մտածողությունը։

Սովորողների բազմաշերտ և բազմաբովանդակ աշխատանքը բարձր գնահատեցին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, դպրոցի տնօրեն Արուսյակ Արզումանյանը և ուսուցիչները։

Կատարվեց նաև շրջայց դպրոցում՝ ծանոթանալու ավագ դպրոցի սովորողների նախագծային աշխատանքներին, որոնք իսկապես ճարտարապետական, երկրաչափական և արվեստի լուրջ նախաձեռնություններ էին։ Դրանք աչքի էին ընկնում ստեղծարարությամբ, ինքնատիպությամբ և բարձր գեղարվեստականությամբ։ Որոշ նախագծեր միջազգային մրցույթներում և օլիմպիադաներում հաղթող ճանաչված աշխատանքներ էին։



























 

Comments