Տեխնոլոգիական նորարարությունները կրթության օրակարգում․ ՀՀ դպրոցներում անցկացվեց մարզային ուսուցչական համաժողով


Ապրիլի 23-ին Երևանի և ՀՀ մարզերի 47 մենթոր դպրոցներում անցկացվեց ուսուցչական մարզային համաժողով՝ «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով։ Համաժողովը միտված էր ձևավորելու համագործակցային հարթակ ուսուցիչների և կրթության ոլորտի մասնագետների համար՝ տեխնոլոգիական նորարարությունների կիրառման լավագույն փորձի փոխանակման նպատակով։
ԿԶՆԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Ժաննա Հարությունյանը մասնակցել է Երևանի հ․190 ավագ դպրոցում անցկացվող համաժողովին։ Իր ելույթում նա կարևորել է նմանատիպ միջոցառումների դերը՝ դրանք դիտարկելով որպես ուսուցիչների մասնագիտական զարգացման արդյունավետ հարթակ՝ փորձի փոխանակման միջոցով։
Նրա խոսքով՝ ժամանակակից կրթությունը վաղուց դուրս է եկել միայն գիտելիքի փոխանցման շրջանակից՝ վերածվելով ստեղծարարության, քննադատական մտածողության, համագործակցության և ինքնուրույն սովորելու միջավայրի։ Այս գործընթացում տեխնոլոգիաները հանդես են գալիս ոչ թե որպես լրացուցիչ գործիք, այլ որպես կրթության որակական փոփոխություն ապահովող առանցքային բաղադրիչ։
Համաժողովը առանձնացել է իր լայն ընդգրկմամբ․ Երևանի և ՀՀ մարզերի 47 մենթոր դպրոցներում միաժամանակ ընթացող քննարկումները, շուրջ 1000 զեկույցները և ոլորտի բազմաթիվ մասնագետների ակտիվ մասնակցությունը վկայում են, որ կրթական համայնքը պատրաստ է փոփոխությունների և պատրաստ է առաջնորդելու դրանք։ Քննարկվող թեմաները՝ արհեստական բանականությունից մինչև կիբերանվտանգություն, արտադպրոցական տեխնոլոգիական կրթությունից մինչև էթիկական խնդիրներ, ընդգրկել են կրթության արդիականացման կարևորագույն ուղղությունները՝ ներկայացնելով ինչպես մարտահրավերներ, այնպես էլ զարգացման նոր հնարավորություններ։
Հատուկ շեշտադրվել է նաև ուսուցչի դերը այս գործընթացում՝ որպես ցանկացած նորարարության իրականացման առանցքային ուժ։ Ուսուցիչների պատրաստակամությունը՝ շարունակաբար զարգանալու, փորձարկելու և կիսվելու փորձով, դիտարկվել է որպես ժամանակակից կրթության կայացման հիմք։
ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցիչները ևս մասնակցել են մարզային համաժողովներին տարբեր մենթոր դպրոցներում։
 
Համաժողովի հիմնական ուղղություններն էին ՝
  • «Ավագ դպրոցներում արհեստական բանականության ուսուցման ծրագրեր»
  • «Դպրոցահասակ երեխաների արտադպրոցական տեխնոլոգիական կրթություն»
  • «ԱԲ կիրառումը դասավանդելու և սովորելու գործընթացում»
  • «Տեխնոլոգիաների կիրառման ռիսկեր, էթիկական խնդիրներ»
  • «Կիբերանվտանգություն և թվային գրագիտություն»։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին 
















































Comments